Հաղորդակցության համաշխարհային ֆորում. Ժնևից Երևան
Մարտի 13-17-ը արդեն 8-րդ անգամ տեղի է ունենում ամենամյա Հաղորդակցության համաշխարհային ֆորումը (World Communication Forum -WCF): Ի տարբերություն նախորդ 7 ֆորումների, որոնք տեղի են ունեցել Շվեյցարիայի Դավոս քաղաքում, այս անգամ այն անց է կացվում «համաշխարհային մայրաքաղաք» Ժնևում:
WCF ֆորումի նպատակն է քննարկել հարցեր՝ կապված հաղորդակցության նորագույն ուղղությունների և խնդիրների հետ, ինչպես նաև նախանշել հաղորդակցության զարգացման հիմնական միտումները:
2013-ից WCF գործունեությունն ընդլայնվել է, և տարածաշրջանային միջոցառումներ են իրականացվել Բարսելոնայում, Պրահայում, Մոսկվայում և Լոձում։
Կազմակերպիչների հաղորդմամբ, ֆորումի մասնակիցներն անցած տարիների ընթացքում ձևավորել են «WCF ընտանիք», որի անդամ է նաև Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA):
Այս տարի APRA-ն, Դավոսի Հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (WCFA) հետ համագործակցությամբ, Երևանում կազմակերպում է տարածաշրջանում առաջին՝ WCFDavos/Yerevan ֆորումը, որը տեղի կունենա մարտի 21-22-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Տարածաշրջանային նիստի թեման լինելու է «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ»: Ֆորումին կմասնակցեն ինչպես հայ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից ժամանած առաջատար փորձագետներ:
Երևանյան ֆորումի հյուրերից կլինի Ասիայի առաջատար «Brands of Desire» բրենդային խորհրդատվական ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն և գլխավոր բրենդային ստրատեգ Սաուրաբհ Կումար Ուբովեյան, ում խոսքով՝ առաջնային կարևորություն ունեցող թեմաներից մեկը երկրի բրենդն է՝ որպես ազգային արժանիք: «Երևանում, ես փորձելու եմ օգտագործել WCF հարթակը երկրի բրենդինգի զարգացմանն ուղղված ամբողջովին նոր նմուշի տարբերակներ քննարկելու համար»,- նշել է Ս.Կ. Ուբովեյան:
Բրենդինգի, մարքեթինգի և հաղորդակցության ոլորտներում գործող «DonValley» ընկերության գործադիր տնօրեն Սոլլի Մոենգի (Հարավային Աֆրիկա) խոսքերով՝ այս տարվա WCF ֆորումը Ժնևում պարզապես հրաշալի է, և նա անհամբերությամբ սպասում է Երևան գալուն, որտեղ ևս հնարավորություն կունենա հանդիպելու հաղորդակցության առաջատար մասնագետների հետ: «Երևանում մենք պատրաստվում ենք խոսել մի շարք հետաքրքիր թեմաների մասին: Իմ թեման, մասնավորապես, հեղինակության կառավարման մասին է, այն մասին, թե ինչպես կառավարել բրենդի հեղինակությունը, ցանկացած տեսակի բրենդի: Ես անհամբերությամբ սպասում եմ այս ամենը Երևանում քննարկելուն և ձեր երկիրն առաջին անգամ տեսնելուն»,- ասել է պարոն Մոենգը:
Huffington Post «Twitter Powerhouses Series»-ի համահիմնադիր Շոն Գարդներն (ԱՄՆ) իր հերթին նշել է, որ այս տարի Ժնևում անցկացվող WCF ֆորումը Twitter-ում թրենդային թեմաների թոփ 3-ում է, ինչը նա համարում է մեծ հաջողություն: «Երևանում ես խոսելու եմ սոցիալական մեդիայի մասին: Ինձ համար սոցիալական մեդիայի դերը մարդկանց կապելու և համագործակցելու մեջ է: Կարող ենք սկսել հետհաշվարկը. մենք գալիս ենք Երևան»,- ասել է պարոն Գարդները: