«Հանդուրժող եղեք, ակտիվություն ցուցաբերեք, ինքներդ խոսեք հաջողության մասին». ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը չի կիսում այն մոտեցումը, թե ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան սպառել է իրեն: Այդ մասին այսօր՝ ԳԱԱ նախագահության տարեկան հաշվետվության ներկայացման ընթացքում, պատասխանելով ակադեմիայի անդամներից մեկի մտահոգությանը՝ թե վերջին շրջանում պարբերաբար հնչում են արտահայտություններ, որ ակադեմիան սպառել է իր առաքելությունը, ասաց ինքը՝ երկրի ղեկավարը։
Ինչ վերաբերում է ակադեմիայի մասին քննադատություններին՝ նախագահն ասաց. «Մեր հասարակության մեջ որևէ մեկն ապահովագրված չէ քննադատությունից։ Կարծում եմ՝ այս երկրում ամենաքննադատվող կառույցը նախագահականն է, ամենաքննադատվող անձնավորությունը ես եմ: Քննադատությունից ոչ ոք հաճույք չի ստանում, միայն երևի թե մազոխիստները կարող են քննադատությունից հաճույք ստանալ։ Այդուհանդերձ, որոշ քննադատություններ, եթե առարկայական են, չարությամբ լեցուն չեն, ուղղված են աշխատանքներն ուղղելուն։ Միշտ կարելի է գտնել ռեացիոնալ հատիկ։ Այն դիրքորոշումը, որ ազգային ակադեմիան մեզ պետք չէ և սպառել է իրեն, ես բնականաբար, չեմ կիսում։ Եթե կիսեի այդպիսի մոտեցումը, վաղուց մենք այս ուղղությամբ քայլեր կտանեինք։ Իմ ցանկությունն է օպտիմալացնել այն մասը, որտեղ արդյունք չկա և ուժեղացնել այն հատվածները, որոնք աշխատում են, որոնք մեր երկրին պատիվ են բերում ու զարգացնում են գիտությունը»։
Սերժ Սարգսյանը, դիմելով ժողովի մասնակիցներին, ասաց. «Հանդուրժող եղեք, ակտիվություն ցուցաբերեք, ինքներդ խոսեք հաջողության մասին: Սա էլ երկրորդ խնդիրն է, որ շատերը չեն ցանկանում հրապարակավ հակադրվել տգետներին, չեն ցանկանում, որովհետև վախենում են, որ «Ֆեյսբուք»-ով, այլ կայքերով կսկսեն խոսել։ Հիմա, եթե ուզում ենք մեր տեսակետը պաշտպանել, պիտի անենք դա»։
Նախագահին ուղղված մյուս հարցը վերաբերում էր երկաստիճան կրթական համակարգից միաստիճան կրթական համակարգին անցնելուն և որ այն որոշ խնդիրների կբերի։
«Կարծում եմ՝ լուրջ տեսակետներ կամ աշխատանք այս առումով չի արվել։ Խոսակցություններ ես լսել եմ, հետաքրքրվել եմ, այդպիսի տրամադրվածություն չկա, որոշակի փոփոխություններ նախատեսվում են, բայց դեռևս օրենքի նախագիծ գոյություն չունի։ Իմ մոտեցումը հետևյալն է, որ մենք համահունչ պետք է լինենք եվրոպական գիտական միջավայրին, բայց պետք է մեր առանձնահատկությունը ևս պահենք։ Այնուհանդերձ, ինչ-որ անենք, պետք է անենք մտածված և մասնագետների հետ շատ լայն քննարկումներից հետո»։
Վերջում դիմելով գիտության ոլորտի ներկայացուցիչներին՝ ասաց. «Ակնկալում եմ ձեզնից ակտիվություն, գիտության մեջ նվաճումներ և որ դրանք հնարավոր լինի օգտագործել պրակիտկայում։ Ակնկալում եմ, որ երիտասարդներին ավելի ակտիվ կընդառաջեք, նրանց մոտ փորձը քիչ է, բայց էներգիան՝ շատ, ինչի առկայությունը շատ դեպքերում լավ արդյունքների է բերում»։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին
- Գիտությունների ակադեմիան ամփոփում է տարին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան