Եթե եղել են թերություններ, ապա մեղավորներն անպայման կպատժվեն. Վահրամ Բաղդասարյանը՝ «Հաց բերող»-ի մասին
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր ցավակցությունը հայտնեց «Հաց բերող»-ի՝ Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ:
«Շատ ծանր դեպք է, ցավակցում եմ Արթուրի ընտանիքին, հարազատներին այդ կորստի համար»,- ասաց պատգամավորը:
Նա միաժամանակ նշեց՝ ցավում է, որ նման վշտի դեպքում լինում են մանր քաղաքական շահարկումներ, ըստ նրա, պետք է ձեռնպահ մնալ այդ շահարկումներից:
Վահրամ Բաղդասարյանի խոսքերով՝ իրավապահները զբաղվում են այդ գործով, կլինի քննություն և պատկան մարմինները կանեն հայտարարություն. «Եթե եղել են թերություններ, ապա մեղավորներն անպայման կպատժվեն: Ինձ թվում է, որ պետք չէ իրենց անձնական խնդիրները լուծելու համար վիշտն ավելի բորբոքել»:
Դիտարկմանը, թե «Հաց բերող»-ի մահվան համար մարդիկ մեղադրում են իշխանություններին, բացի այդ, հասարակությունը կորցրել է հավատը և դատաիրավական, և դատաբժշկական համակարգի նկատմամբ, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ պետք չէ կանխատեսումներ անել, դեպքերից առաջ ընկնել:
«Բնականաբար, եթե նախընտրական պրոցեսներ չլինեին, ապա նման մեղադրանքներ չէին հնչի: Եղել է բժշկական պրոցես, պետք է հավատաք, որ լինելու է օբյեկտիվ քննություն: Չեմ կարծում, որ մեկը կարող է անգութ, անխիղճ լինել, որ կորստի դեպքում իրականությունը չբացահայտի: Սպասենք, համբերենք, կլինեն բացահայտումներ, կընթանա քննություն, և մենք դրա մասին կխոսենք»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը:
ՀՀԿ-ական պատգամվորը նաև հավելեց, որ պետք չէ ամեն մի խնդիր կապել իշխանության հետ: Ըստ նրա՝ բժիշկները տվել են Հիպոկրատի երդում և քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները. «Եթե բժիշկների մեղքով է, միանշանակ պետք է պատժվեն բժիշկները: Դրա համար պետք է համբերենք, ենթադրություններով չշարժվենք, եթե իրոք դա նախադեպ է ունեցել և այդ նախադեպերի ժամանակ եղել են մեղավորներ, նրանք պետք է պատժվեն»:
Հարցին, թե տպավորություն չունեն, որ Արթուր Սարգսյանի հիվանդությունը խորացավ այն պատճառով, որ նա երկար մնաց մեկուսարանում, Վ.Բաղդասարյանը նշեց, որ ինքը չի տիրապետում մասնագիտական հարցերին, ուստի չի ցանկանում որևէ գնահատական տալ. «Եկեք սպասենք քննությանը, եթե այն չի գոհացնի, ապա առաջին քննադատողներից մեկը ես կլինեմ»:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք ՀՀԿ-ն այլ քաղաքական ուժերի նման կդադարեցնի քարոզարշավը, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ինքը նման որոշման ծանոթ չէ, և չի կարող կուսակցության անունից պատասխան տալ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան