Հաց բերողի մահը վրա է հասել երկարատև անմարդկային վերաբերմունքի հետևանքով. էդմոն Մարուքյան
«Ակնհայտ է, որ Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահը վրա է հասել երկարատև անմարդկային վերաբերմունքի հետևանքով: Անազատության մեջ նրան հետևողականորեն պահելը հավասարազոր էր նպատակային խոշտանգումների»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի ամբողջական պատասխանատուն իշխանություններն էին, առավել կոնկրետ՝ գլխավոր դատախազը:
«Քանի որ Արթուր Սարգսյանի վիճակն օրհասական էր, որևէ մեկը չէր կարող ասել, որ նա չէր մահանա: Բժիշկները ևս փաստում էին, որ նա հիվանդությունների փունջ ունի, իսկ հացադուլը նրա դիմադրողականությունը միայն ավելի է թուլացնում: Բեխտերևի հիվանդությունն այն հիվանդությունն է, որն անազատության մեջ պահվելու հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում է: Արթուր Սարգսյանը քաղաքական համակարգի զոհն է, զոհն է այն բանի, որ Հայաստանում մարդը և նրա իրավունքներն արժեք չեն ներկայացնում»,-հավելեց նա:
«Ելք» դաշինքի պատգամավորության մյուս թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց.« Հաց բերողի հետ կապված յուրաքանչյուր մանրամասն ճշտվել է ամենաբարձր մակարդակով: Նա շեշտեց, որ գլխավոր դատախազի, դատավորի և իրավապահ մյուս մարմինների գործունեությունը պետք է մանրամասն ուսումնասիրվի՝ պարզելու, թե որքանով են նրանք կաշկանդված եղել իրենց գործողություններում, կամ որքանով են ուղղորդվել Բաղրամյան 26-ից»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, որքան էլ երեկ հայտարարվեց, որ Հաց բերողը մահացել է հետվիրահատական բարդացումներից, հանրությունը պետք է հստակ պատասխան ստանա՝ որն է եղել Արթուր Սարգսյանի մահվան իրական պատճառը:
«Նրան այսպես խոշտանգել են՝ Հայաստանում հուսահատության մթնոլորտն ավելի խորացնելու համար»,- պնդեց պատգամավորը՝ միաժամանակ հավելելով՝ «գլուխները պատին թող տան բոլոր նրանք, ովքեր կշահարկեն հայտարարել, որ «Ելք»-ը Հաց բերողի մահվան հանգամանքը նախընտրական շրջանում շահարկում է»։
Նա նաև տեղեկացրեց, որ այսօր դաշինքի քարոզարշավը շարունակվելու է բնականոն հունով՝ ի նշան նրա նկատմամբ հարգանքի:
«Մենք պետք է ունենանք այնպիսի Հայաստան, որն արժանի կլինի Արթուր Սարգսյանի խորհրդանիշին: Հայաստանը պետք է լինի այնպիսին, որտեղ նա չէր խոշտանգվի և մահվան չէր հասցվի»,- ամփոփեց Նիկոլ Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան