ՀՀ տնտեսությունը կանգ է առել 2008 թվականի վրա. Վահագն Խաչատրյան
Հայաստանի տնտեսությունը կանգ է առել 2008 թվականի վրա և այլևս առաջ չի գնում։ Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Վահագն Խաչատրյանը։
«Այն ժամանակ ՀՆԱ-ն 11 միլիարդ 900 միլիոն էր, այժմ՝ 10.5 միլիարդ։ Իրականում Հայաստանի բուժման դեղատոմսը ներդրումները չեն։ Ստացվում է՝ բժիշկները կամ լավ չեն ուսումնասիրել Հայաստանի հիվանդությունը կամ ուսումնասիրել են և ազնվորեն չեն ասում՝ որն է խնդիրը։ Հայաստանի տնտեսական խնդիրները չեն գտնվում տնտեսական դաշտում, դրանք գտնվում են քաղաքական դաշտում»,- ասաց նա։
Վահագն Խաչատրյանն ընդգծեց՝ Հայաստանում մի վիճակ է ստեղծվել, որը հարուստներին հնարավորություն է տվել ավելի հարստանալ, աղքատներին՝ ավելի աղքատանալ։ Եվ որքան էլ վարչապետը փորձում է մարդկանց ոգևորել, նրանք չեն ոգևորվում։ Նա նշեց, որ Կանգրես-ՀԺԿ դաշինքն էլ կարող է հասարակությանը խոստուներ տալ, սակայն չի ուզում խաբեությամբ զբաղվել։
Բանախոսը համոզմունք հայտնեց, որ երկրում առկա իրավիճակը փոխելու համար նախ պետք է սկսել կառավարման համակարգը փոխելուց։
«Երկրում ամեն բան պետք է 180 աստիճանով փոխվի՝ ընտրական, քաղաքական, սոցիալական, տնտեսական բնագավառներում։ Պետք է փոխել համակարգը։ Անապահով խավին մենք պետք է հնարավորություն տանք կարճ ժամանակում գոնե նվազագույն կենսաապահովման պայմանները բարելավել»,- ամփոփեց տնտեսագետը։