Հովհաննես Թումանյանի թանգարանում կբացվի «Տոլստոյը կյանքում» խորագրով ցուցահանդես
Հովհաննես Թումանյանի թանգարանի ցուցասրահում այսօր կբացվի «Տոլստոյը կյանքում» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. ապրիլի 25-ը:
Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ այս ցուցահանդեսը պատմում է Լ. Ն. Տոլստոյի կյանքի կարևոր իրադարձությունների, զբաղմունքների, ընտանիքի և շրջապատի ամենատարբեր մարդկանց հետ ունեցած հարաբերությունների և շփումների մասին, որոնք դարձել են գրողի ստեղծագործական մտքի շարժառիթը:
Բազմամյա տքնաջան աշխատանքի ընթացքում Տոլստոյն ամենուրեք նյութ էր քաղում իր երկերի կերտման համար: Այդպես, գրողի կովկասյան տպավորությունները իրենց գեղարվեստական մարմնավորումը գտան «Կազակները» և «Հաջի Մուրադ» պատմվածքներում:
Տոլստոյի կյանքի և ստեղծագործության ժամանակաշրջանի մասին պահպանվել են բազմաթիվ լուսանկարներ, որտեղ գրողը պատկերված է ստեղծագործական տարբեր փուլերում՝ սկսած գործունեության սկզբնական շրջանից մինչև կյանքի վերջին տարին:
Ցուցահանդեսի այցելուները կծանոթանան Տոլստոյ սպայի, «Մանկություն» ինքնակենսագրական պատմվածքի երիտասարդ հեղինակի, «Պատերազմ և Խաղաղություն» վեպի ստեղծման տարիներին երջանիկ ընտանիքը գլխավորող Տոլստոյի և իմաստուն ծերունու հետ, ով կոչ էր անում մարդկությանը ոչ թե մարմինը բուժել, այլ հոգին: