Նալբանդյան. Մենք կոչ ենք անում միավորվել` պահպանելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը
Մենք միացել ենք միջազգային հանրության համատեղ ջանքերին՝ ուղղված զանգվածային ոչնչացման զենքի չտարածմանը, ահաբեկչության դեմ պայքարին, փախստականների հետ կապված իրավիճակին լուծումներ գտնելուն: Ելույթ ունենալով ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված հանդիսությանը իր ելույթում հայտարարել է ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը:
Նյու Յորքում նախարարը թվեր է հրապարակել. «Միայն Սիրիայից մոտ 22 հազար փախստականներ ապաստան են գտել Հայաստանում՝ մեկ շնչի հաշվով դարձնելով մեր երկիրը Սիրիայից փախստականներ ընդունող երրորդ պետությունը Եվրոպայում: Մեր պետությունը ձեռնարկում է առավելագույնը` նպաստելու հանդուրժողականության և միջմշակութային, միջկրոնական երկխոսության խթանմանը, ռասիզմի, ատելության քարոզի և այլատյացության դեմ պայքարին»:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը նաև իր նպաստն է բերում համաշխարհային խաղաղությանը ուղղակի ճանապարհով՝ մասնակցելով մի շարք խաղաղապահ առաքելություններում՝ Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում, Մալիում:
«Հայաստանը պետությունների ընտանիքին միացավ մի ժամանակահատվածում, որը լի էր մարտահրավերներով, բայց դա որևէ կերպ չնվազեցրեց մեր վճռականությունն ու հանձնառությունը՝ կառուցելու հասարակություն՝ լիովին հավատարիմ Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին և սկզբունքներին: Մենք առաջնորդվում ենք ՄԱԿ-ի կանոնադրությամբ, որը կոչ է անում միավորվել` պահպանելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, զարգացնելու պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունները` հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հարգման վրա: Այս հանձնառությունների ամբողջական և անշեղ իրագործումը բոլոր պետությունների պարտավորությունն է, որը նրանք ստանձնել են իրենց անդամակցությամբ: Հայաստանը լիակատար հավատարիմ է այս հանձնառություններին, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ջանքերում:
Այս պարտավորություններն են ընկած նաև ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի ներգրավվածության հիմքում: Առաջին հերթին սա վերաբերում է ՄԱԿ-ի կանխարգելման օրակարգին մեր հանձնառությանը: Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ` մենք զգում ենք բարոյական պարտավորություն, ինչպես նաև իրավասություն՝ բարձրաձայնելու ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորությունը և քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ»,-նշել է Էդվարդ Նալբանդյանը:
Համատեղ ճանապարհի հաջորդ հանգրվանի մեկնարկին արտաքին գործերի նախարարը վերահաստատել է Հայաստանի վճռական աջակցությունը ՄԱԿ-ի համընդգրկուն և արդյունավետ առաջնորդությանը, որը միտված է միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները կյանքի կոչելուն և ուղղված է ժողովուրդների միջև կամուրջներ կառուցելուն ու բարեկամական հարաբերություններ հաստատելուն, բաժանարար գծերի վերացմանը, ողջ աշխարհում խաղաղության և բարեկեցության առաջ մղմանը:
Նալբանդյանի ելույթն ամբողջությամբ՝ ԱԳՆ էջում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա