Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, որտեղ տեղի է ունեցել ակադեմիայի 2016 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովը:
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ակադեմիայի կազմակերպությունների գիտական կարևորագույն արդյունքներն ու կիրառական մշակումները, անդրադարձել հաշվետու տարում միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացված աշխատանքներին, գիտական կադրերի պատրաստման և գիտական հետազոտությունների ակտիվացման գործում ԳԱԱ ծրագրերին ու մի շարք այլ ուղղություններով 2016 թվականին ակադեմիայի գործունեությանը:
Հանրապետության Նախագահը նշել է՝ նկատի առնելով, որ հանրապետությունում այժմ նախընտրական քարոզչության ժամանակաշրջան է, զերծ կմնա ելույթից և պատրաստակամություն է հայտնել պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց առաջարկությունները:
Հանրապետության ղեկավարին ուղղված հարցադրումներից մեկն այսպիսին էր՝ հետազոտական ենթակառուցվածքները պահանջում են անընդհատ արդիականացում և թարմացում ժամանակակից գիտական սարքավորումներով, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց. «Ակնհայտ է, այստեղ որևէ կասկած լինել չի կարող, եթե ժամանակակից սարքավորումներ չկան, ապա տվյալ գիտահետազոտական հաստատությունը ուղղակի չի կարող լիարժեք գիտական գործունեություն ծավալել։ Բայց որքանով տեղյակ եմ, այն ֆինանսավորումը որ տրվում է, այդտեղ հաշվի է առնվում նաև սարքավորումներ ձեռք բերելու անհրաժեշտությունը։ Եթե խոսքը գնում է լրացուցիչ գումարներ հատկացնելու մասին, ապա կոնկրետ ծրագիր պետք է լինի և կոնկրետ գիտահետազոտական հաստատությունը լրացուցիչ ֆինանսավորում ստանա արդիականացնելու իր սարքավորումները։ Ընդհանրական այսպես հնարավորություն չունենք մեր բոլոր գիտահետազոտական ինստիտուտները արդիականացնելու»։
Սերժ Սարգսյանը դիմեց ԳԱԱ նախագահին՝ ասելով, որ ծրագիր ներկայացնեն կոնկրետ գիտահետազոտական կենտրոնի, ինստիտուտի, հաստատության մասին։
«Կարծում եմ կառավարությունը հաճույքով կնայի։ Առաջարկություն է պետք ու նաև խոստում՝ թե ինչ արդյունք ենք ունենալու»,-նշեց նախագահը։
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանն այսօր նաև շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, պրոֆեսոր Սերգեյ Համբարձումյանին ծննդյան 95-ամյակի կապակցությամբ։
«Հարգելի՛ պարոն Համբարձումյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 95-ամյակի կապակցությամբ: Հպարտ եմ, որ Ձեզ հետ ծանոթ լինելու և շփվելու պատիվն ունեմ, քանի որ Դուք իսկապես մարդ-դարաշրջան եք:
Անուրանալի է Ձեր ավանդը ճարտարագիտության, մեխանիկայի և կրթության ասպարեզներում, որն իր արժանի գնահատականն ու ճանաչումն է ստացել ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Գնահատելի է Ձեր երկարամյա մանկավարժական գործունեությունը: Տասնամյակներ շարունակ հիմնարար գիտության լավագույն ավանդույթները երիտասարդ սերնդին փոխանցելու առաքելությունը Դուք կատարել եք պատվով և մեծ բծախնդրությամբ: Գիտական հետազոտությունների կազմակերպչի տաղանդը լավագույնս բացահայտվել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում և Երևանի պետական համալսարանում Ձեր աշխատելու տարիներին:
Մեծ գնահատանքի է արժանի նաև Ձեր հասարակական և քաղաքական գործունեությունը: Անգամ ամենադժվարին պահին Դուք երբեք չընկրկեցիք և հայ մտավորականին վայել արժանապատվությամբ պաշտպանեցիք Հայաստանի ազգային շահերը, հատկապես՝ Արցախի հարցում:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ նշանակալի հոբելյանի առթիվ, մաղթում առողջություն և Ձեր ազգանվեր գործունեությունը շարունակելու ուժ ու կորով»,-ասված է ուղերձում։
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան