«Հաց բերողի» մահվան կապակցությամբ ՕՐՕ-ն և «Ծառուկյան» դաշինքը մարտի 17-ին դադարեցնում են քարոզարշավը
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը որպես հարգանքի տուրք «Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակի մարտի 17-ին չի իրականացնի որևէ նախընտրական քարոզչություն:
«Մենք նաև գտնում ենք, որ Հաց բերող» Արթուր Սարգսյանի ինքնազոհաբերությունը չպետք է և չի կարող անհետևանք մնալ և պետք է մղի բոլորիս ոչ թե հուսալքման այլ համախմբման և համատեղ պայքարի:
Մենք պարտավորվում ենք հստակ քայլեր նախաձեռնել մեր ժողովրդի և նրա առողջ ուժերի համախմբման եւ իշխանափոխություն իրականացնելու հրամայականով»,- նշված է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբի հայտարարության մեջ:
«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ավելի վաղ նույնպես հայտարարություն էր տարածել, որում նշված է. «Սրտի ցավով տեղեկացա Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի անժամանակ մահվան մասին: Սա, իսկապես, մեծ ողբերգություն էր բոլորի համար, անկախ նրանից, մարդիկ անձամբ ճանաչում էին Արթուրին, թե ոչ:
Ի նշան հարգանքի, իմ հանձնարարությամբ այսօր օրվա երկրորդ կեսին և վաղը ամբողջ օրը «Ծառուկյան» դաշինքը դադարեցնում է քարոզարշավը: Մենք խորապես սգում ենք Արթուրի մահը: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Արթուր Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին»:
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայտարարության մեջ ասված է. «Կյանքից անժամանակ հեռացավ «Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանը։ Մի քանի ամիս կալանավայրում մնալուց հետո նրան առողջական պատճառներով անցյալ տարվա դեկտեմբերին ազատ էին արձակել։ Անհասկանալի է, թե ինչու, փաստորեն, կալանքի տակ գտնվելու հետ անհամատեղելի հիվանդություններ ունեցող մարդուն քիչ անց նորից ձերբակալեցին։ Վերջերս նրան կրկին ազատ արձակեցին հինգ պատգամավորների երաշխավորությամբ։ Սակայն անազատության պայմանները,որպես բողոքի նշան արած հացադուլը, ըստ երևույթին, արդեն անվերադարձ քայքայել էին նրա առողջությունը։ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ցավակցում է հանգուցյալի ընտանիքին և մտերիմներին, դատապարտում իշխանության համապատասխան մարմինների կողմից մարդու իրավունքների և քրեական դատավարության օրենսգրքի պահանջների խախտման փաստերը, պահանջում լիակատար բացահայտել մահվան պատճառ դարձած բոլոր հանգամանքները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»։
Հիշեցնենք, որ Երևանի 49-ամյա բնակիչ Արթուր Սարգսյանին «Հաց բերող» անունով կնքեց հասարակությունը՝ ՊՊԾ շենքը գրաված ու քանի օր պաշարման մեջ գտնվող, հանձնվել չհամաձայնող ու առանց սնունդ մնացած «Սասնա Ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցնելու համար:
Նա իր մեքենայով, որի մեջ սնունդ էր միայն, ոստիկանների կրակոցների տակ, մտավ ՊՊԾ գունդ, իր արածը հիմնավորելով, որ չէր կարող առանց հաց թողնել մարդկանց:
Ու թեև ողջ հասարակությունը գնահատեց նրա արարքը մարդասիրական և ապաքաղաքական, այնուամենայնիվ 2016 թվականի հուլիսի 31-ին «Սասնա Ծռերի» կողմից զենքը վայր դնելուց և իրավապահներին հանձնվելուց հետո, Արթուր Սարգսյանը կալանավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը)։ Օգոստոսի 5-ին վերաորակավորվեց Արթուր Սարգսյանի մեղադրանքը և նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ։
Չնայած փաստաբանների պնդմանը, որ Արթուր Սարգսյանը վատ առողջական վիճակում է և նրա արարքը այնպիսին չէ, որ նրան ձերբակալած պահեն, 2016 թվականի դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանին կալանքից ազատելուց հետո կրկին, 2017 թվականի փետրվարի 9-ին, ձերբակալեցին:
Երկրորդ ձերբակալության առաջին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը, որ առանց այն էլ լավ չէր, կտրուկ վատացավ:
Մի քանի պատգամավորների միջնորդությամբ նա մարտի 6-ին ազատ արձակվեց, տեղափոխվեց «Արմենիա» ԲԿ: Մահացել է մարտի 16-ին:
Հարակից հրապարակումներ`
- «Հաց բերողի» հարազատները կարող են մասնակել դատաբժշկական փորձաքննության կատարմանը
- Այսօր Թուրքիան կանխատեսելի հարևան չէ. Շարմազանովը ի պատասխան Լավրովի հայտարարության
- Եթե պարզվի՝ անբարեխիղճ գործողություններ են կատարվել, մեղավորները կպատժվեն. «Հաց բերող»-ի մահվան մասին
- Հաց բերողը ՀՀ-ում արդարադատության բացակայության զոհ է. Ազատ դեմոկրատներ կուսակցություն
- Շատ մեծ ցավ եմ ապրում. Վարչապետը՝ «Հաց բերող»-ի մահվան մասին
- Գլխավոր դատախազությունը նոր մանրամասներ է հայտնում «Հաց բերողի» մահվան հանգամանքներից
- «Հիմա արդեն կոնկրետ անուններ և անհատական պատասխանատվությունը պարզելու ժամանակն է». «Հաց բերողի» փաստաբաններ
- «Հաց բերողի» քրեական գործով խախտվել է նրա կյանքի իրավունքը. Ա.Զեյնալյան
- ԱՆ-ն՝ Արթուր Սարգսյանի մահվան պատճառների մասին
- Ո՞ր կուսակացություններն են ի հիշատակ Հաց բերողի դադարեցնում քարոզարշավը
- Գլխավոր դատախազը հանձնարարել է ՔԿ-ին «Հաց բերողի» մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն իրականացնել
- «Հաց բերող»-ի հիշատակին նվիրված բողոքի երթ (Լրացված)
- Սուրեն Մակարյան. Հաց բերողը մահացել է սիրտ-թոքային սուր անբավարարության հետևանքով
- «Հաց բերողի» մահվան կապակցությամբ «Ելք»-ը դադարեցրել է ընտրարշավը
- Մահացել է Հաց բերողը