Կուսակցությունները գերադասում են մենախոսությունները, մինչդեռ պետք է հեռուստաբանավեճեր լինեին. Ստյոպա Սաֆարյան
Ազատ դեմոկրատներ կուսակցության պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանն ընդհանուր առմամբ գոհ է քարոզարշավի ընթացքից, լրագրողների լուսաբանումներից, սակայն դժգոհ է, որ տարբեր քաղաքական ուժերի միջև այդպես էլ հեռուստաբանավեճեր չեն կազմակերպվում։
«Մեզ հավատացողների հետ շփումներից գոհ ենք, բայց տխուր ենք՝ հուսախաբված մարդկանց հանդիպելիս։ Ամեն դեպքում, մինչ այս պահը քարոզարշավի հետ կապված որևէ լուրջ խոչընդոտի չենք հանդիպել։ Բայց նաև դատապարտում ենք, որ ոմանք շարունակում են ընտրակաշառք բաժանել։ Մարդիկ այս համատեքստում տալիս են հատկապես իշխող ուժի, ինչպես նաև «Ծառուկյան» դաշինքի անունը»,- ասաց մեր զրուցակիցը։
Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց, որ իրենց քաղաքական ուժը բազմիցս բարձրաձայնել է հեռուստաբանավեճեր կազմակերպելու անհրաժեշտության մասին, սակայն փաստ է, որ մինչ այժմ հեռուստաընկերություններից և ոչ մեկը նման ձևաչափով քննարկումներ չի անցկացրել։
«Քարոզարշավի հենց սկզբից պատկերացրել ենք, որ բովանդակային բանավեճեր տեղի կունենան, քաղաքական ծրագրերն այդ կերպ կներկայացվեն ընտրողներին։ Ավաղ, այս առումով մենք խոր հիասթափություն ենք ապրում։ Ընտրություններին մասնակից ուժերը գերադասում են մենախոսությունները։ Արդյունքում ընտրողը չի հասկանում՝ դրանցից յուրաքանչյուրը մյուսից ինչով է տարբերվում։ Չլինեին արտասահմանյան գրանտային ծրագրերը, ընտրողները չէին կարող դիտել նաև հատուկենտ կազմակերպվող բանավեճերը։
Սա ուղղակի խուլիգանության վերջն է. ինչու պետք է դոնոր կազմակերպությունները հետաքրքրված լինեն Հայաստանում բազմակարծությամբ, իսկ տեղի հեռուստաալիքները՝ ոչ։ Պարզվում է՝ գրանտ իրականացնող դոնոր կազմակերպությունները շատ ավելի հայրենասեր են, քան Հայաստանը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ Հանրային հեռուստաընկերությունը շատ է ուշացել նախընտրական շրջանում հեռուստաբանավեճեր կազմակերպելու հարցում։
Հարակից հրապարակումներ`
- Անահիտ Բախշյանը ԿԳ նախարարին հրավիրել է բանավեճի, սակայն վերջինը դեռ չի արձագանքել
- Ազատ դեմոկրատների ծրագրում ոչ միայն նշված է ինչ պետք է անել, այլև՝ ինչպես անել. կուսակցության ներկայացուցիչ
- Հանրությունը մեզ իշխանություն ձևավորելու իրավունք է տալու. Ստյոպա Սաֆարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան