Թուրքիան սահմանափակել է ռուսական ցորենի ներկրումը
Թուրքիան արգելել է Ռուսաստանից ցորենի ներկրումը: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Թուրքիայի կառավարության կողմից մարտի 15-ին կազմված նոր ցուցակից ներկրվող լիցենզավորված ապրանքների շարքից հանվել է ռուսական ցորենը: Այս փոփոխությունից հետո նախկինում առանց մաքսատուրքի Թուրքիա ներկրվող ռուսական հացահատիկի համար այժմ կպահանջվի վճարել 130 տոկոսանոց մաքսատուրք, ինչը գործնականում կարող է անհնար դարձնել հետագա ներկրումը:
Ըստ թուրքական աղբյուրի` այս որոշման վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություններ կամ մեկնաբանություններ չեն հնչել, սակայն մասնագետները Թուրքիայի այս քայլը որպես պատասխան են դիտարկում Ռուսաստանի կողմից մինչ այժմ թուրքական լոլիկի ու ևս մի քանի այլ ապրանքի վրա կիրառվող էմբարգոյին:Ըստ Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության տվյալների` Ռուսաստանը դեռևս շարունակում է արգելք կիրառել թուրքական արտադրության հավի ու հնդկահավի մսի, լոլիկի, վարունգի, թթվի, խաղողի, խնձորի տանձի ու ելակի վրա:
Ռուսաստանի գյուղատնտեսական ապրանքների արտահանման միության նախագահ Սերգեյ Բալանը հայտարարել է, որ նամակով դիմել են ՌԴ գյուղնախարարությանը: Խնդրել են պարզաբանել Թուրքիայի կողմից ռուսական ցորենի ներկրման վրա բարձր մաքսատուրքեր սահմանելու մասին լուրերը:
Բալանը թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ թուրքական շուկան շատ կարևոր է ռուսական հացահատիկային արտադրանքի արտահանման համար` ավելացնելով, որ 2015-2016թթ. իրենք 3 մլն տոննա ցորեն են արտահանել Թուրքիա:
«Միության անունից խնդրի լուծման համար նամակով դիմել ենք գյուղատնտեսության նախարարությանը և սպասում ենք պաշտոնական պարզաբանման»,- նշել է Բալանը: