Կարեն Կարապետյանը, Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը խոսում են ՀՀԿ նախընտրական ծրագրի մասին
Ընտրությունը միշտ բարդ գործ է, բայց միշտ լավ է, որ կա ընտրություն: Մարդն իր ընտրությանը վերաբերում է յուրահատուկ ուշադրությամբ,-նախընտրական քարոզարշավի շրջանակում Իջևանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀԿ համապետական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:
«Այս օրերին խոստումների պակաս չունեք: Ձեզ խոստանում են ամեն ինչ՝ սկսած թոշակի, աշխատավարձի բարձրացումից մինչև կախարդական փայտիկի շարժումով հարյուրավոր, հազարավոր աշխատատեղեր: Ես ձեզ խնդրում եմ՝ ցանկացած խոստում լսելիս մտածեք, թե ով և ինչ ակնկալիքով է այդ խոստումը տալիս ձեզ:
Մենք հասկանալով, որ գործող իշխանություն լինելով հաշվետու ենք անցած տարիների համար և հույս ունենալով մեծամասնություն ձևավորել առաջիկա խորհրդարանում, գիտենք, որ ամեն խոստումի համար պետք է հաշվետու լինենք ձեզ:
Բազմաթիվ ուժեր պայքարում են անցողիկ շեմը անցնելու համար, խորհրդարանում փոքրամասնություն լինելու համար: Նրանք գիտեն՝ ինչն էլ խոստանան, վաղը ասելու են՝ դե մեր ձեռքն ինչ կար, մենք ընդամենն օրենքի նախագիծ կարող էինք տանել, մեծամասնությունը չընդուներ: Երբ որ ձեզ բարձր թոշակ, աշխատավարձ են խոստանում, խնդրեք թուղթ ու գրիչով ձեզ բացատրեն, թե որտեղից, ինչ գումար է կազմում այդ խոստացված բարձրացումը:
Մենք ասում ենք, որ այն ուժն ենք, որ ունի երկրի անվտանգությունն ապահովելու ռեսուրս, որի վրա կենտրոնացված է մեր բանակաշինության գործը՝ սկսած Հանրապետության նախագահից, ով կանգնած է մեր զինված ուժերի կազմավորման հիմունքներով, մինչև մեր ՀՀԿ կողքին կանգնած ազատամարտիկների կազմակերպություններ, ԵԿՄ, բազմաթիվ այլ դերակատարներ: Մենք ձեզ ասում ենք, որ եթե մեր երկիրը չլինի անվտանգ, որևէ այլ բան չի ստացվելու, որովհետև մեր առաջընթացը, տնտեսական զարգացումը ուղիղ կապ ունեն մեր սահմանների ամրության հետ»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Խոսելով սահմանամերձ շրջանների մասին՝ նշեց, որ ամենաշատ սահմանապահ համայնքներն ունի հենց այս մարզը, և Հանրապետության վարչապետի որոշմամբ ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը ղեկավարում է ինքը՝ որպես պաշտպանության նախարար:
«Առաջին հերթին գնահատելու ենք մեր սահմանամերձ համայնքների անվտանգային խնդիրը՝ մի տեղ դա լրացուցիչ ապաստարան կառուցելն է, մի տեղ հենապատ կառուցելը, համայնքի խնդիրներ լուծելն է: Մենք այդ հարցերը պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում»,- ասաց ՀՀԿ համապետական ցուցակը գլխավորող Վ. Սարգսյանը՝ հավելելով, որ միասին կարողանալու են աշխատանքը հասցնել տրամաբանական ավարտին, ունենալու են արդյունք, որից բոլորը գոհ են լինելու:
«Մինչ ընտրություն կատարելը խնդրում եմ ևս մեկ անգամ սթափ, լուրջ մտածեք մեր երկրի պաշտպանության խնդիրների, առաջնագծի, սահմանամերձ համայքների մասին: Եկեք միասին այնպես անենք, որ հինգ տարի հետո հպարտությամբ նայելով իրար աչքերի՝ ասենք՝ այո, մենք արել ենք այդ աշխատանքը, այն տվել է իր արդյունքը»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
Հանդիպմանը ներկա ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ իրենց թիմն այսօր հայտ է տվել ու ասում է հետևյալը. «Մենք շատ լավ գիտենք որտեղ ենք, ինչ պրոբլեմներ, դժվարություններ, հիվանդություններ ունենք, նաև ինչ առավելություններ: Մենք ասում ենք՝ գիտենք, թե ուր ենք ուզում հասնել, ինչ նպատաաներ ենք դնում: Նպատակները բավականին հավակնոտ են, իրատեսական: Մենք ասում ենք՝ գիտենք, ոնց պետք է դրանց հասնենք, ումով պետք է հասնենք: Այս չորս կետի շուրջ է կառուցված մեր ծրագիրը, որը, մեր պատկերացմամբ, համալիր խոսում է բոլոր այն խնդիրների մասին, որոնք կանգնած են մեր երկրի առջև»:
Նրա խոսքով՝ բազմաթիվ չլուծված խնդիրներ ունեն, որոնց մասին բաց ասում են, ունեցել են հաջողություններ, նաև բացթողումներ, սխալներ, որոնց մասին համարձակ ասում են:
«Սխալների մեջ կան և օբյեկտիվ, որը որ այսօրվա տարածաշրջանն է թելադրում իր մարտահրավերներով, սպառնալիքներով, կամեցող, չկամեցող հարևաններով, որոշակի երկրների շահերով, և այդ սխալները կարող են դրական դեր խաղալ, որովհետև քթերնս տրորտվել է հաջորդ անգա նույն թալակն ընկնելու հավանականությունը քիչ է: Սուբյեկտիվ սխալները, որ մենք ենք կատարել ենք սխալ որոշումներ կայացվելով, սխալ կադրային քաղաքականությամբ, մենք նույնպես գնահատել ենք, սխալների վրա եզրակացություն ենք արել: Մեր թիմի ներսում շատ բաց, ազնիվ խոսել ենք, դրա հիման վրա մենք հայտարարել ենք, որ պետք է մենք փոխվեն և փոխենք»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ իրենք ծրագրով բոլոր ոլորտներով, հուզող հարցերով տվել են ախտորոշում, տեսլական, թե ինչ են անելու:
«Մեր երկիրը մեր փոխարեն ոչ ոք չի կառուցելու: Մենք բազմաթիվ բարեփոխումներ ենք նախատեսել, շատ ակտիվ գնալու ենք այդ ուղղությամբ»,- նշեց նա:
Հանդիպմանը ներկա արդարադատության նախարար, ՀՀԿ համապետական ցուցակի 3-րդ համարը զբաղեցնող Արփինե Հովհաննիսյանը խոսեց իրենց ծրագրի մասին, ներկայացրեց, ինչ է նախատեսված դրանով, ապա հավելեց. «Ծրագիրը խոստումից տարբերվում է նրանով, որ ծրագիր նշանակում է՝ գիտենք ինչպես, ոնց ենք անելու, խոստման ժամանակ ընդամենը ձեր ականջն ենք շոյելու, մինչ այն պահը, երբ մի օր հնարավոր դառնա այդ խոստումը ծրագիր դարձնելը: Մենք ձեզ չենք խոստանում, որ ամեն ինչում միանգամնից լավ է լինելու: Խոստումներ չենք տալու, որոնք իրականացնելու այդքան էլ մեծ շանս չունենք: Ձեզ պատմում ենք մեր ծրագերի մասին, պատմում ենք հավատով, վստահությամբ, հույսով»:
Հարակից հրապարակումներ`
- Էդ ոնց որ մարզպետի պատրաստած հարցն ա. Կարեն Կարապետյանն՝ իր պաշտոնին մնալու մասին
- «Բա դեմոկրատիան դա է». Կարեն Կարապետյանը՝ դիլիջանցուն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան