«Բա դեմոկրատիան դա է». Կարեն Կարապետյանը՝ դիլիջանցուն
«Ձեր քաղաքն իրականում շատ սիրուն է, մեծ ներուժ ունի: Վստահ եմ, որ մենք այդ ներուժը չենք օգտագործում, բայց մենք ունենք որոշակի նպատակներ, ծրագրեր, թե ինչպես այդ ներուժն օգտագործել»,- Դիլիջանի մշակույթի տանը նախընտրական քարոզարշավի շրջանակում Դիլիջան քաղաքի և շրջակա գյուղերի բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Այնուհետև նա առաջարկեց քաղաքացիներին հարցեր ուղղել իրեն: Դիլիջանցիներից մեկի հարցին՝ եթե ձեզ նամակներ, դիմումներ են ուղղում, դուք դրանք կարդում ե՞ք, թե՞ ձեր ենթականերն են պատասխանում, Կ. Կարապետյանն ասաց. «Նամակների քանակն այնքան շատ է, որ եթե ես բոլորը կարդամ, 24 ժամը ֆիզիկապես չի բավարարի: Այդ իսկ պատճառով որոշակի նամակներ հասնում են ինձ, որոշակի նամակներ բաժանվում են: Ամբողջ աշխարհում է այդպես»:
Բնակիչներից մեկն առաջարկեց քայլեր ձեռնարկել վերագործարկելու Դիլիջանում գտնվող «Իմպուլս» գործարանը, որտեղ ժամանակին աշխատել է 3000 մարդ: Նա նաև նշեց, որ այսօր Դիլիջանում 2316 գործազուրկ մարդ կա:
««Իմպուլս» գործարանը կաշխատի, թե ոչ, թելադրում է շուկան: Յուրաքանչյուր համայնք ունենալու է իր 5 տարվա զարգացման ծրագիրը, որտեղ ձեր համայնքապետը պետք է հստակ ներկայացնի՝ ինչ կա այսօր, որքան աշխատատեղ, միջին աշխատավարձն ինչքան է, ինչ է լինելու 5 տարի հետ, ինչ աշխատատեղեր կարող է ստեղծվել՝ հաշվի առնելով Դիլիջանի կարողությունները, արձանագրի՝ ինչ բեռ ինքն է վերցնում, ինչ բեռ մարզպետը, ինչ է ակնկալում մեզանից: Մենք կանգնելու ենք այն համայնքի կողքին, որը ռեալ ծրագիր է տալիս»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նույն քաղաքացին առաջարկեց նաև կրճատել կուսակցությունների թիվը՝ նշելով, որ Հայաստանում 160 կուսակցություն կա, մի ընտանիք 4-5 անդամ ունի, տարբեր կուսակցությունների անդամներ են, այդ ընտանիքում չկա միասնություն. «Որտեղ ամուր թիկունք, այնտեղ էլ ամուր, հզոր ճակատը, մեր ժողովուրդը պետք է միասնական լինի, ամուր թիկունք մեր բանակի համար»:
ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Չգիտեմ, որ այդքան է: Իմ որոշելու խնդիրը չէ, դուք եք որոշել, որ 160 կուսակցություն լինի, վաղը որոշեք 2-3 կուսակցություն լինի, այդքան էլ լինելու է: Բա դեմոկրատիան դա է»:
Քաղաքացիներից մեկը հարցրեց կուտակային կենսաթոշակային համակագի մասին, մասնավորապես՝ «եթե հանկարծ քաղաքացին մինչև կենսաթոշակային տարիքը՝ 63 տարեկան, չապրի, ո՞վ պետք է այդ կուտակած գումարը ստանա: Հարցի երկրորդ մասըն էր՝ այսինքն՝ պետությունն իր վրայից այդ բեռը վերցրել է, իսկ ժամանակին ինքն էր ապահում թոշակառուներին, իսկ հիմա մենք ենք այդ ապահովությունը վերցնում ենք մեզ վրա»:
«Վաղվա մեր ծերությունն ապահովելու համար կենսաթոշակային տեսության մեջ կա երկու մոտեցում. մեկը՝ ես այսօր հոգամ, որ վաղը, մյուս օրը ես ապահովեմ, մյուս տարբերակը՝ ես այսօր հոգամ չաշխատողի մասին, որ վաղը, մյուս օրը այդ օրվա աշխատողը հոգա իմ մասին: Դուք ասում եք՝ պետությունը չի հոգում: Պետությունը հոգում է այլ ծառայություններով, ամբողջ աշխարհը դրանով է գնում»:
Քաղաքացին հարց տվեց նաև զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման համար ՀՀ յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ գանձելուն մասին՝ ինչքանո՞վ է արդարացված, որ և 60 հազար դրամ աշխատավարձ ստացողից են գանձում 1000 դրամ, և 100 հազար, 200 հազար դրամ ստացողից:
«Մենք այդ հարցն այնքան ենք քննարկել և եկել ենք լուծման: Իդեալական լուծում, որի դեպքում մարդ չի գտնվելու, որ դժգոհ չլինի, չի լինելու: Մեր ազգը շատ ունիկալ ազգ է, մեկ-մեկ չափից դուրս բարդ: Այդ հարցը քննարկվել է, լուծումը կայացվել է: Հիմա՝ 3 ամիս անց ինչո՞ւ եք այդ հարցը բարձրացրել»,- արձագանքեց վարչապետը:
Քաղաքացու դիտարկմանը, որ մարդկանց մեջ հարցումներ չեն անցկացվել, Կ. Կարապետյանն ասաց. «Յուրաքանչյուր հարցով հարցում պե՞տք է անցկացվի»:
Միջին մասնագիտական կրթության ոլորտի մի աշխատակից բարձրացրեց իրենց աշխատավարձերի հարցը, որն ավելի քիչ է, քան դպրոցների ուսուցիչների աշխատավարձը, ինչպես նաև իրենք չեն օգտվում սոցփաթեթիներից, որը տրամադրված է դպրոցներին. «Ձեզ հետ հույս ենք կապում»:
Կարեն Կարապետյանն ասաց. «Սոցփաթեթի վերաբերյալ հարցը պրակտիկորեն բոլոր լսարաններում կա: Դա համարում ենք անտրամաբանական, բայց նաև հասկանում ենք՝ ինչու է այդպես: Ունենք բյուջե, սահմանափակում: Ցավոք սրտի, այսօր մեր բոլոր քաղաքացիների հոգսերը չենք կարող լուծել: Անհրաժեշտ է ռեգուլյար աշխատանք, աշխատատեղ ստեղծել, հավելյալ արժեք ստեղծել, հարստանալ: Այլ տարբերակ չունենք: Մինչև մեր բյուջեն չլցնենք, աշխատատեղ չստեղծենք, մենք բոլոր հոգսերը չենք կարողանալու լուծել:
Ի՞նչ պետք է անենք: Մենք մեր ծրագրում գրել ենք: Կարո՞ղ ենք դրա տակից դուրս գալ: Այո: Բայց անընդհատ աշխատանք է պահանջում:
Մենք իրականում տրամադրված ենք այս տարի այնպես աշխատել, որ 2018 թվականին հաստատակամ կայուն աճ ունենանք: Կարծում եմ՝ 2017 թվականի վերջից կարող ենք մեր վրա զգալ, որ մեր կյանքում փոփոխություն է կատարվում: Բայց ինչի՞ց է դա կախված: Մեր աշխատանքից:
Իրականում այս երկու ամսում ունենք շատ ուժեղ ցուցանիշների աճ, բայց որևէ մեկն իր մաշկի վրա չի զգում: Այնքան պետք է աշխատենք, որ գանք հասնենք մի կետի, որ հաջորդ օրը կյանքի որակի փոփոխություն լինի:
Համեմատության համար ասեմ՝ հողը եթե շատ չոր է լինում, պետք է շատ երկար ջրես, հետո նոր սերմ գցես, որ բերք տա»:
Հանդիպման վերջում ՀՀԿ նախագահի առաջին տեղակալն ասաց. «Եթե դուք որոշեք ձեր ձայնը տալ «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը, ապա, կարծում եմ, դուք կշահեք»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան