Աշխատավարձերի բարձրացում, ցածր տոկոսադրույքներով վարկեր՝ որքանով են իրատեսական նախընտրական ծրագրերի տնտեսական դրույթները
Բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերում խոսվում է աշխատավարձերի, թոշակների, նպաստների բարձրացման, ինչպես նաև աղքատության մակարդակի նվազման մասին, սակայն հստակ միջոցառումներ, ուղիներ, քայլեր, թե ինչպես են դրանք իրականացնելու, նշված չէ: Այս մասին այսօր «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ կուսակցությունների և դաշինքների նախընտրական խոստումների՝ տնտեսությանը վերաբերող դրույթների վերաբերյալ մի խումբ հայտնի տնտեսագետների մասնակցությամբ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ, դոցենտ Մարգարիտա Եղիազարյանը:
«Օրինակ, առաջարկում են միջին աշխատավարձը կրկնապատկել, թոշակները բարձրացնել մինչև 83 հազար դրամի, նպաստները շեշտակի բարձրացնել, բայց ինչպե՞ս: Առաջարկում են 30-50%-ով ավելացնել մայրերի վճարովի արձակուրդի տևողությունը, բայց ինչպես են ապահովելու այդ ամենը, ցավոք սրտի, ոչ մի տեղ մատնանշված չէ: Այս տեսանկյունից քաղաքական ուժերի հայտարարություններն ավելի շատ դեկլարատիվ բնույթ են կրում և ընտրողի մոտ տարակուսանք են առաջացնում»,- ասաց Մարգարիտա Եղիազարյանը՝ հավելելով, որ ինքը, օրինակ, այս հայտարարություններին չի հավատում, ուստի կարծում է, որ պետք է նպատակներին հասնելու համար ձևակերպեն հստակ ուղիները:
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը էլ նշեց, որ ծրագրերում քիչ չեն դրույթներ, որոնք վերաբերում են ֆինանսական համակարգին, բանկային համակարգին:
Մասնավորապես, առաջարկում են բանկային համակարգի զարգացման նոր ռազմավարության մշակում, վարկավորման տոկոսադրույքների կտրուկ կրճատում, գյուղատնտեսության ոլորտում պետության կողմից վարկերի սուբսիդավորում այն հաշվարկով, որ վարկային տոկոսադրույքը չգերազանցի տարեկան 10 տոկոս դրամային վարկավորման շեմը, իսկ մինչև 5 տոկոսը լինի պետության սուբսիդավորմամբ:
Կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխման դեպքում էլ առաջարկվում է նախապատվությունը տալ կամավոր համակարգին, իսկ կուտակային հիմնադրամում հավաքված գումարներն օգտագործել հիփոթեքային եղանակով բնակարային ձեռքբերման, հիվանդության, ինչպես նաև ընտանիքի անդամի մահվան համար:
Մեկ այլ քաղաքական ուժի նախընտրական ծրագրում բանկային համակարգի վերաբերյալ հետևյալ դրույթը կա. պետության կողմից վարկավորել և խրախուսել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող անհատներին և ընկերություններին, սակայն գյուղատնտեսական վարկերի տոկոսը չպետք է գերազանցի 3-5 տոկոսի շեմը:
Թաթուլ Մանասերյանը նաև անդրադարձավ քաղաքական ուժերի կողմից հնչած այն հայտարարություններին, թե պետությանը վարկերը տրամադրվել են 0 տոկոսով, բայց դրա փոխարեն ունենք 650 հազար ընտանիք և 1,4 մլն վարկառու, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ընտանիքի 2-3 անդամ վարկի տակ է:
Տնտեսագետը Հայաստանի բանկերի միության փոխնախագահ Սեյրան Սարգսյանին խնդրեց ներկայացնել, թե որքանով են այս դրույթները իրատեսական, արդյոք պետությանը 0 տոկոսով վարկեր տրամադրվել են:
Սեյրան Սարգսյանն անդրադարձավ ծրագրերից մեկում նշված այն դրույթին, թե գյուղատնտեսական ոլորտի վարկավորումը կիրականացվի 3-5 տոկոսով, մինչդեռ որևէ ճանապարհ չի նշվում՝ միջոցները որտեղից են վերցնելու, ինչի հաշվին են այդ վարկավորումն իրականացնելու:
«Նախ միջազգային կառույցներից ներգրավված միջոցները արտարժույթով տատանվում են 6-7 տոկոսի սահմաններում և այն հայտարարությունը, որ 0 տոկոսով կառավարությանը միջոցներ են տրամադրվել, ես որևէ նման դեպքի ծանոթ չեմ: Այսինքն՝ վստահ չեմ, որ դա համապատասխանում է իրականությանը»,- ասաց Սեյրան Սարգսյանը՝ հավելելով, որ եթե այդ տոկոսադրույքներին ավելացնում են բանկերի մարժան, իսկ դա վերջին 20 տարիներին աննախադեպ ցածր է եղել՝ 2-2,2 տոկոսի շրջանակներում, ապա գյուղատնտեսության վարկավորումը, բնականաբար, 3-5 տոկոսով չի կարող լինել:
Ինչ վերաբերում է դրամով վարկավորմանը, ապա նրա գնահատմամբ, այստեղ խնդիրն ավելի մեծ է, քանի որ տնտեսությունում դրամի սակավություն կա և դրամն ավելի թանկ է: «Եթե ՀՀ կառավարությունը պետական պարտատոմսերով 10-12 տոկոսով է միջոցներ ներգրավվում, ապա ֆինանսական կառույցներն ավելի բարձր տոկոսով են միջոցներ ներգրավվում»,- ասաց նա:
Սեյրան Սարգսյանը խնդրահարույց է համարում նաև այն, որ ծրագրերից մեկում առաջարկվում է կիրառել գյուղատնտեսական վարկերի համաներում, բայց թե ում և ինչի հաշվին, նույնպես նշված չէ: «Այսօր գյուղատնտեսական պորտֆելը կազմում է 312 մլն դոլար և արդյոք այդ ծախսերը պետությունը կամ որևէ կառույց կարո՞ղ է իր վրա վերցնել: Նման հայտարարությունները որոշ մարդկանց մոտ կարող են սպասումներ ձևավորել, ինչն իր մեջ վտանգներ է պարունակում: Ուստի նման հայտարարությունները կարող են շփոթության մեջ դնել մարդկանց և անհարկի սպասումներ ձևավորել, որոնք հետագայում կարող են մեծ հետևանք ունենալ»,- ընդգծեց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները