Խոստումներում բազմաթիվ են անիրատեսական դրույթները. տնտեսագետը՝ նախընտրական ծրագրերի մասին
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ այսօր Երևանում կազմակերպվել էր կլոր սեղան քննարկում, որի նպատակն էր հայտնի և առաջատար տնտեսագետների մասնակցությամբ վերլուծել 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին առաջադրված կուսակցությունների և դաշինքների նախընտրական խոստումների՝ տնտեսությանը վերաբերող դրույթները:
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը մասնակիցներին առաջարկեց, որ քննարկումը լինի միմիայն մասնագիտական և որևէ կերպ չկրի քարոզչության կամ հակաքարոզչության բնույթ: Բացի այդ, ըստ նրա, որևէ դրույթի մասին խոսելիս՝ չնշել, թե որ քաղաքական ուժի կողմից է դա ներկայացված, միայն պետք է անաչառ տնտեսագիտական գնահատական տալ, որպեսզի հանրությունը հասկանա, թե որքանով են դրանք իրագործելի:
«Ցավոք սրտի, խոստումներում բազմաթիվ են անիրատեսական դրույթները, դրա համար մեր պարտքն ենք համարում անկողմնակալ , առարկայական քննարկում կազմակերպել և ներկայացնել մասնագիտական հիմնավորումներ՝ առ այն, թե որոնք են առավել օգտակար և իրականանալի առաջարկները, խոստումները, և որոնք հասարակության համար խաբկանք են»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:
Տնտեսագետը նշեց, որ օրինակ, նույն քաղաքական ուժի նախընտրական ծրագրերում կան փոքր և միջին բիզնեսին հարկերից ազատելու առաջարկներ, միևնույն ժամանակ, կան աշխատավարձերը բաձրացնելու դրույթներ:
«Պարզ է, որ եթե պետական գանձարանում չկան բավարար եկամուտներ, նման դրույթներն անգամ տնտեսագետ չլինելով՝ կարելի է գնահատել ոչ իրատեսական»,- ընդգծեց նա:
Թաթուլ Մանասերյանը նաև հայտնեց, որ նախատեսում են կազմակերպել ևս մեկ քննարկում, որին կհրավիրեն քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի հեղինակներին, որոնք կազմել են տնտեսագիտական դրույթները:
«Մեր նպատակն է ձևավորել մշտական գործող պլատֆորմ, որը ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլ նաև տարբեր համապետական ծրագրերին անաչառ գնահատականներ կտան»,- ասաց տնտեսագետը:
Տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասաց, որ չնայած տնտեսական քննարկում է, սակայն տեղի է ունեցել իրադարձություն, որին իրավունք չունեն չանդրադառնալ .«Ես խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակը: Նա բարոյականության դաս տվեց մեզ բոլորիս, իշխանություններին»:
Հարակից հրապարակումներ`
- Նախընտրական ծրագրերում գիտության վերաբերյալ կետերը լոզունգային են, վերցված են այլ տեքստերից. Արեգ Միքայելյան
- Առողջապահության ոլորտի խնդիրները քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում
- Նախընտրական ծրագրերում կրթության հանդեպ առանձնապես շատ մեծ ուշադրության չհանդիպեցի. կրթության փորձագետ
- Ուսումնասիրում ենք կուսակցությունների նախընտրական ծրագրերի բնապահպանական դրույթները. Կարինե Դանիելյան
- Թեկնածուների նախընտրական ծրագրերը` համազգային լիդերի, այլընտրանքային կամ մտքի արտացոլանք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան