Հավաք-երթ՝ ի հիշատակ Հաց բերողի
Ազատության հրապարակում մեկնարկել է հավաք-երթ՝ ի հիշատակ Հաց բերող Արթուր Սարգսյանին։ Հավաքի նախաձեռնողներից Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց հավաքվածներին և նշեց, որ երեկ իրենց կողմից կառավարություն ներկայացրած պահանջագրին պատասխան չի եկել, ինչը, նրա խոսքով հավասար է մերժման։
Հիշեցնենք, որ նրանք պահանջում էին Արթուր Սարգսյանին հուղարկավորել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, ինչպես նաև պատժել Արթուր Սարգսյանի մահվան մեջ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցողներին։
Շահեն Հարությունյանը նշեց, որ իրենց պահանջները շարունակում են մնալ նույնը։
Հավաքին հաջորդեց երթը Մաշտոցի պողոտայի ուղղությամբ։ Երթի մասնակիցները ծածանում են դրոշներ ու գոռում՝ «Արթուր, Արթուր», «Որոշողը մենք ենք», ինչպես նաև ընթացքում կրկնում իրենց պահանջները։
Երթն ուղեկցում են բազմաթիվ ոստիկաններ, ներկա է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Մաշտոցի պողոտայում ոստիկանությունը փորձում է երթևեկության համար բացել ճանապարհը։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց ազատել փողոցի երթևեկելի հատվածըը՝ նշելով, որ կարգը խախտողներին պատասխանատվության կենթարկի։
Փոխոստիկանապետի հետ զրույցից հետո Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ իրենց երթը Մաշտոցի պողոտա, Ամիրյան ուղղությամբ կշարժվի դեպի Կառավարության շենք։