Վիգեն Սարգսյան․ «Եռաբլուրն ունի շատ հստակ զինվորական պանթեոնի խորհուրդ»
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից այսօր հետաքրքրվել են, թե ինչ կարծիք ունի Հաց բերողին (Արթուր Սարգսյանին) Եռաբլուր զինվորական պանթեոնում հուղարկավորելու պահանջի վերաբերյալ։
Նախարարը նախ ցավ հայտնեց Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ․ «Ցանկացած հայ մարդու, հատկապես երիտասարդ մարդու մահը ցավալի է։ Միշտ մտածում ես, թե ինչեր կարող էր միգուցե անել այդ մարդը՝ շարունակելով ապրել»։
Վ․ Սարգսյանն ասաց, որ Եռաբլուրը զինվորական պանթեոն է, այնտեղ հանգչում են մարդիկ, ովքեր զոհվել են մարտական գործողությունների ժամանակ կամ ունեցել են բացառիկ ներդրում բանակաշինության գործում. «Այնտեղ չկան այլ հուղարկավորություններ։ Ես որպես պաշտպանության նախարար համարում եմ, որ չի կարելի Եռաբլուրը խառնել որևէ այլ թեմայի հետ՝ անկախ այն բանից, թե ինչ հանգամանքներ, և թե ինչ քաղաքական․․․ հատկապես երբ կա հարցի քաղաքական բնույթ, Եռաբլուրը չպետք է քաղաքականացվի»:
Վ․ Սարգսյանի մեկնաբանությամբ՝ պաշտպանության նախարարությունում գոյություն ունի հստակ կարգ, ըստ որի քննարկվում են դիմումները: Պետք է հստակ ցուցադրվի մարտական ուղին, մասնակցությունը ռազմական գործողություններին, Եթե կան պարգևներ, դրանց ցանկը պետք է ներկայացվի, լինի միջնորդություն այն ջոկատից, որի կազմում այս կամ այն անձը մասնակցել է։
«Մինչ այս բոլորը չի եղել, իհարկե, երբևէ նման որոշում մենք որևէ մեկի համար չենք կայացրել։ Անկախ այն բանից, թե ինչքան հանրային բարձր հնչեղություն ունի այս կամ այն իրավիճակը, Եռաբլուրն ունի շատ հստակ զինվորական պանթեոնի ուղղություն և խորհուրդ»,-ասաց նախարարը: