19.03-Տնտեսի կիրակի
Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի, ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի մասին առակի:
Qahana.am-ի համաձայն, այն հիշատակում է միայն Ղուկաս ավետարանիչը, որի բովանդակությունը հետևյալն է: Մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան եւ հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից: Տնտեսը հասկանում է, որ կարող է անգործ մնալ, խորամանկության է դիմում: Նա կանչում է տիրոջ պարտապաններին, նրանց շնորհում իրենց ունեցած պարտքի մի մասը: Եվ այս ամենից հետո տերը գովում է տնտեսին` հնարամտությամբ վարվելու համար: Առաջին հայացքից թվում է, թե հակասություն կա այս գովեստի մեջ: Բայց անիրավ տնտեսը պարտապաններին շնորհում է այն, ինչն ավելիով գրել էր իր օգտին` պարտքի շնորհումով` ոչ մի վնաս չպատճառելով իր տիրոջը: Տերը գովում է տնտեսին` իր հասանելիք շահույթից հրաժարվելու համար: Այսինքն` հույժ գովելի է հրաժարումը, որն էլ հենց պահքի իմաստն է:
Պահքը մարդուն որևէ գայթակղությունից հրաժարվելու ունակություն է սովորեցնում, հրաժարում, որից սկսվում է ինքնազսպումը կամ անձի ուրացումը: Քրիստոս ասում է. «Եվ ով իր խաչը չի վերցնում ու Իմ ետևից չի գալիս, Ինձ արժանի չէ» (Մատթ. 10:38): Այս առակը հորդորում է յուրաքանչյուրին հրաժարվելով և ինքնազսպմամբ հասնել փրկության: Առակի այլաբանական իմաստն այս է: Հարուստ մարդը խորհրդանշում է Աստծուն, անիրավ տնտեսը` մեղավորին, որը երկար ժամանակ անհոգ կերպով վատնում էր Աստծո տված շնորհները, մինչեւ որ Աստված նրան պատասխանատվության է կանչում: Անիրավ տնտեսը խորհրդանշում է այն բոլոր մարդկանց, ովքեր զղջում են, ներում իրենց պարտապանների պարտքերը եւ սիրելի դառնում հրեշտակներին ու արդարներին:
Նշենք, որ Մեծ Պահքի շրջանը սկսվել է փետրվարի 27-ից: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:
Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել այդ կիրակիները՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Դրանով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը: Եկեղեցական հայրերն իմաստուն կերպով Քառասնորդաց Պահքի շրջանի կիրակիներն այնպես են դասավորել և այնպիսի անվանումներ ու խորհուրդներ տվել, որոնցով ի հայտ է գալիս մարդկության կյանքի ուղին՝ ծնունդ, մեղսագործություն, զղջում, ապաշխարանք:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան