Մահացել է կրկեսի արտիստ Ստեփան Իսահակյանը
Մոսկվայում 98 տարեկանում մահացել է կրկեսի հայ խորհրդային արտիստ, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ստեփան Իսահակյանը (Սերեբրյակով): ՌԴ կրկեսային գործիչների միության ֆեյսբուքյան էջում գրված է, որ Ս. Իսահակյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու մարտի 20-ին Մոսկվայի Հայկական եկեղեցում:
Ստեփան Իսահակյանը ծնվել է 1919 թվականին Գյումրիում։ 1935 թվականին ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս։ Հենց այստեղ է նա սկսել զբաղվել մարմնամարզությամբ և ակրոբատիկայով։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է համալասարան Բաքվում։
1938 թվականից ծառայել է Կարմիր բանակում։ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից է, պաշտպանել է Ղրիմը, Կերչ և Սևաստոպոլ քաղաքները։ 1942 թվականին Սևաստոպոլի ճակատամարտում ծանր վիրավորվել է ոտքից։ Տեղափոխվել է հոսպիտալ, բուժվել և վերադարձել ռազմաճակատ։ Կրկին վիրավորվել է և ազատվել ծառայությունից հաշմանդամության պատճառով։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Սկսել է աշխատել ատրակցիոնում՝ մոտոցիկլով 60 կմ/ժ արագությամբ բարձրանում էր պատի վրա։ Առաջին հյուրախաղերը եղել են 1951 թվականին Սախալինում։ Այնուհետև Համամիութենական պետկրկեսի ղեկավարությունը Իսահակյանին առաջարկել է գլխավորել կենդանիներով ատրակցիոնը, որը ստեղծվելու էր Երևանում 1956 թվականին։ 1958 թվականին նա ստեղծել է «Էկզոտիկ կենդանիների ծիծաղաշարժ խումբը» ատրակցիոնը (ռեժիսոր՝ Վ․ Միրոնով, խորհրդատու՝ Բ․ Էդեր, նկարիչ՝ Մ․ Ասլամազյան, գործըկեր՝ Ա․ Այվազյան, Երևանի կրկես)։ Համարում մասնակցել էին գետաձիեր, այծեղջերուներ, շիմպանզեներ, վիշապ և թռչուններ (թութակներ, ճնճղուկներ, սիրամարգեր, արագիլներ)։ Իսահակյանը ԽՍՀՄ-ում առաջինն էր, ով սկսել է աշխատել գետաձիերի հետ։
Լենինգրադի կրկեսում Իսահակյանը երեխաների համար նախատեսված «Բժիշկ Այբոլիտ» մնջախաղում խաղում էր գլխավոր դերը։ 1990 թվականին նա իր ատրակցիոնը փոխանցել է Ա․ Գարագինյանին։ 1991 թվականին ստեղծել է նոր համար՝ կենդանիների նոր խմբով՝ 2 շիմպանզե և օրանգուտան: Իսահակյանը հեռացել է կրկեսից 1994 թվականին։