Քարոզարշավը բնականոն է անցնում, «Ծառուկյան» դաշինքի հանդիպումները՝ բազմամարդ. Արարատ Զուրաբյան
Քարոզարշավը բնականոն է անցնում, սակայն ակնհայտ է, որ բազմաթիվ քաղաքական ուժերի նախընտրական կամպանիաները չեն հետաքրքրում հանրությանը: Մինչդեռ «Ծառուկյան դաշինքի» հանդիպումները բավական բազմամարդ են: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ծառուկյան դաշինքի» ցուցակի ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:
«Սոցիոլոգիական հարցումներով՝ հասարակության մի ստվար զանգված սատարում է մեր ուժին: Ստանալով մեծամասնություն՝ դաշինքը գալու է իշխանության, ձևավորելու իշխանություն՝ միայնակ կամ կոալիցիոն: Հստակ է միայն, որ ՀՀԿ-ի հետ մենք կոալիցիա չենք կազմի: Հասարակությունը պետք է գիտակցի, որ ճիշտ ընտրություն կատարելով՝ հնարավոր է հասնել իշխանափոխության: Սահմանադրության փոփոխությունը հնարավորություն է տալիս ավելի սահուն իշխանափոխություն իրականացնել, մնում է՝ հասարակությունը գիտակցի դա»,- նշեց բանախոսը:
Արարատ Զուրաբյանը հիշեցրեց, որ դեռ մեկ տարի առաջ իշխանությունները Գագիկ Ծառուկյանին հայտարարել էին անցանկալի անձ և փորձում էին մանրադիտակով խախտումներ և անօրինականություններ գտնել նրա գործունեության մեջ:
«Իրականում Հայաստանում շատ-շատերն են կարողություն ստեղծել, սակայն քչերն են այդ միջոցներն օգտագործել հանրության խնդիրների լուծման համար: Հազարավոր մարդիկ օգտվել են Ծառուկյանի բարեգործությունից, և այսօր չէ, որ նա բարեգործությամբ է զբաղվում: Հայաստանում ցանկացած մարդ Հայաստան համահայկական հիմնադրամից առաջ՝ որպես բարեգործի՝ կնշի Գագիկ Ծառուկյանի անունը»- ասաց նա:
Ըստ Զուրաբյանի ասածի՝ ի հեճուկս ՀՀԿ-ի, հասարակության ակնկալիքները Ծառուկյանից են:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան