Գեյնսբորոյի «Առավոտյան զբոսանք» կտավը վանդալիզմի է ենթարկվել
Լոնդոնի Ազգային պատկերասրահում անգլիացի հայտնի նկարիչ Թոմաս Գեյնսբորոյի «Առավոտյան զբոսանք» կտավը ենթարկվել է վանդալիզմի: Չարագործը երկու տեղից կտրել է այն: Ռիա նովոստին, հղում անելով բրիտանական ԶԼՄ-ներին, գրում է, դեպքը տեղի է ունեցել տասնյակ մարդկանց աչքի առաջ. շաբաթ Ազգային պատկերասրահը միշտ շատ այցելու է ունենում:
Չարագործին պատկերասրահի աշխատակիցներն այցելուների օգնությամբ արագորեն դուրս են հանել ցուցասրահից, այնուհետև եկել են ոստիկանները: Մի քանի ականատեսների խոսքերով, նա հայտարարել է, որ իր մոտ պայթուցիկ կա: Չարագործը ձերբակալվել է:
Դեպքից հետո թանգարանի արևելյան հատվածը երկու ժամ փակ է եղել այցելուների համար, իսկ նկարը տարել են վերականգնելու:
Նկարիչը «Առավոտյան զբոսանք» կտավը ստեղծել է 1785 թվականին: Նկարը հանրության շրջանում մեծ ճանաչում է ձեռք բերել Ջեյմս Բոնդի մասին ««007: Կոորդինատներ «Skyfall»» ֆիլմում հայտնվելուց հետո: