Մեր երկիրը լավագույնս նախապատրաստվում է՝ ապահովելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հաջողությունը. Նալբանդյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կապակցությամբ։ ԱԳՆ մամուլի ծառայությունից ներկայացնում են ուղերձն ամբողջությամբ.
«Ֆրանկոֆոնիայի այս տարվա երկամսյակը մեկնարկում է 2016 թվականի նոյեմբերին ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից կայացված բացառիկ որոշման համատեքստում՝ 2018 թվականի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովն անցկացնել Երևանում։
2018 թվականին կայանալիք այս իրադարձությանն ընդառաջ՝ հետհաշվարկի մեկնարկն արդեն տրված է, և մեր երկիրը լավագույնս նախապատրաստվում է՝ ապահովելու այս գագաթաժողովի հաջողությունը։
Ֆրանկոֆոնիայի հանդեպ Հայաստանի հանձնառության վառ դրսևորումը հանդիսացող Ֆրանկոֆոնիայի երկամսյակը, որը կազմակերպում ենք տարիներ շարունակ, հերթական անգամ ի ցույց կդնի մեր նվիրվածությունը ֆրանկոֆոն արժեքներին և մշակութային ու լեզվական բազմազանությանը։
Հայաստանի բոլոր մարզերում անցկացվող ավելի քան 600 մշակութային, կրթական և գեղարվեստական միջոցառումներով այս երկամսյակը հիրավի բացառիկ միջոցառում է ֆրանկոֆոն ընտանիքի ողջ տարածքում։
Երկամսյակը առիթ է Հայաստանի ֆրանկոֆոն բոլոր դերակատարների՝ ՀՀ պետական կառույցների, ՀՀ Ազգային ժողովի, Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, դպրոցների և համալսարանների հետ միասին մեծ շուքով տոնելու Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել նրանց՝ գործուն մասնակցության համար։
Ողջունելի է նաև Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ընդգրկումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կողմից մեկնարկած «2017 թվականի Մեծ շրջագայություն» նախաձեռնությունում, որի շրջանակներում 2017 թվականի ողջ ընթացքում իրականացվելու են Ֆրանկոֆոնիային նվիրված մշակութային ճանապարհորդություններ:
Ամենայն հաջողություն եմ մաղթում Հայաստանում 2017 թվականի Ֆրանկոֆոնիայի երկամսյակին»:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոն. Կներկայացվի 8 ֆիլմ՝ 11 ցուցադրություն
- ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունն ազդարարել է Վաշինգտոնի Ֆրանկոֆոնիայի փառատոնի մեկնարկը
- «Ֆրանկոֆոնիայի տասնհինգ օրերը»՝ Հայաստանում
- Ֆրանկոֆոն պետությունները պատրաստվում են 17-րդ գագաթնաժողովին
- Նախագահի հրամանագրով կստեղծվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման միջգերատեսչական հանձնաժողով
- Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան