Հայկական արտադրության մանկական հագուստ է արտահանվում ՌԴ
«Թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող «Ալեքս տեքստիլ» ընկերությունը անցած տարվա ընթացքում թողարկել է 773.2 միլիոն ՀՀ դրամի արտադրանք` նախորդ տարվա համեմատ արձանագրելով 308 տոկոս աճ»,- արտադրամասում այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ընկերության գուլպաների արտադրության տնօրեն Ալբերտ Հովսեփյանը:
Արտադրամասն արդեն երկու տարի է, ինչ գործունեություն է ծավալում։
«Գործարանը տարեկան արտադրում է մի քանի հարյուր հազար գուլպա: Առայժմ արտահանվում է ընկերության արտադրած գուլպաների և զուգագուլպաների մոտ 20 տոկոսը՝ Ռուսաստանի Դաշնություն և այլ երկրներ, մնացածը` ներքին շուկայի համար է: Պլանավորում ենք ավելացնել արտահանման ծավալները», - ասաց տնօրենը։
«Ալեքս տեքստիլ» ընկերության մանկական հագուստի արտադրամասի տնօրեն Մարատ Մովսիսյանը տեղեկացրեց, որ ընկերությունը 2017թ. նախատեսում է նաև գործարկել կտորի, գործված հագուստի և տնային տեքստիլի արտադրություններ` իրականացնելով ընդհանուր առմամբ 28 միլիոն եվրոյի ներդրումներ. «Սվիտերների արտադրությունը պլանավորում են սկսել ընթացիկ տարվա օգոստոսի սկզբին, տարեվերջին կսկսեն տեքստիլի և կտորի արտադրությունը»:
Ընկերությունը տարեկան արտադրում են շուրջ 1 միլիոն հատ հագուստ:
«Արտադրում ենք կոմբինիզոններ, շալվարներ, շապիկներ: Բոլորը հիմնականում մանկական արտադրանք են: Մեր արտադրանք ամբողջովին արտահանվում է Ռուսաստան: «Ալեքս տեքստիլ»-ն աշխատում է ռուսական «Մանկական աշխարհ» խանութների ցանցի հետ, որը Ռուսաստանի տարածքում ունի շուրջ 600 խանութ: Մեր արտադրանքն առայժմ Հայաստանում չի վաճառվում, բայց հիմա ունենք շատ փոքր ծավալ, որը Հայաստանում պետք է իրացնենք, սակայն նաև փորձում ենք ընդլայնել մեր գործունեությունը, որպեսզի Հայաստանում ևս լայնորեն իրացնենք մեր արտադրանքը: Մանկական հագուստի արտադրամասը սկսել է գործել մեկ ամիս առաջ: Արտադրամասում աշխատում`է 300-350 մարդ»,-ասաց ընկերության մանկական հագուստի արտադրամասի պետ Ժորա Մովսիսյանը։