Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում Հայաստանը տարածաշրջանում առաջատարներից է. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի ոչ վարակիչ հիվանդությունների և կյանքի ողջ ընթացքում առողջության ամրապնդման բաժնի տնօրեն Գաուդեն Գալեային։ Նա Հայաստանում է համատեղ կազմակերպվող «Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելումն ու հսկողությունը Հայաստանում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում են ԱՆ լրատվական ծառայությունից:
Գաուդեն Գալեան նշել է, որ ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում Հայաստանը տարածաշրջանում առաջատարներից մեկն է։ Նա նաև ընդգծել է, որ այդ ոլորտում ՀՀ առողջապահության նախարարությունն ակտիվորեն է համագործակցում իր ղեկավարած կառույցի հետ։
Հանդիպման ընթացքում նախարար Ալթունյանը կարևորել է առողջ կենսակերպի, այդ թվում` ֆիզիկական ակտիվության մշակույթի ձևավորման, ծխելու դեմ պայքարի, աղի սահմանափակման և համանման այլ ծրագրերի արդյունավետության բարձրացումը և մարդկանց գիտակցության վրա առավել ներգործուն մեթոդների կիրառումը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի առողջապահության նախարարությունը այդ ուղղությամբ առաջարկներ ներկայացնի ԱՀԿ փորձագետներին` նրանց կարծիքը և աջակցությունը ստանալու նպատակով։