Միքայել Անդրիասյան. Շախմատային մրցաշրջան 2017-ը հագեցած է մրցաշարերով
Այս տարվա շախմատային օրացույցը հագեցած է մրցաշարերով ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը:
Հարց- Պարո´ն Անդրիասյան, ազգային ֆեդերացիան այս տարի ի՞նչ մրցաշարեր է կազմակերպելու
Պատասխան-Ցանկը բավականին ծավալուն է: Հունիսի 20-30-ը Ջերմուկում կանցկացվի Կարեն Ասրյանի հուշամրցաշար, այնուհետև` Ստեփան Ավագյանի անվան պատանեկան միջազգային հուշամրցաշար:
Մարտունիում հուլիսին, արդեն 11-րդ անգամ կկայանա «Սևանա լիճ» ամենամյա մրցաշարը, որը կունենա 16-րդ կարգի բարդություն: Կմասնակցեն միջազգային՝ 2600-ից բարձր վարկանիշով հայ և արտասահմանցի գրոսմեյստերներ:
Աշնանը, արդեն երկրորդ անգամ պետք է կայանա «Երևան-Օպեն» մրցաշարը. կոնկրետ ժամկետները կորոշի Երևանի շախմատի ֆեդերացիան:
Հարց- Որքանո՞վ է հագեցած պատանի շախմատիստների մրցաշարային օրացույցը
Պատասխան- Մինչև 8, 10 և 12 տարեկան պատանիների աշխարհի առաջնությունը կացնկացվի օգոստոսի 21-31-ը Բրազիլիայի Պոկոս-դե-Կալդես քաղաքում, իսկ մինչեւ 14, 16 և 18 տարեկաններինը` Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում (սեպտեմբերի 16-26):
Ռումինիայի Մամայա քաղաքը սեպտեմբերի 3-14-ը կհյուրընկալի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Իսկ մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը կկայանա սեպտեմբերի 1-16-ը Իտալիայի Տարվիզիո կոմունայում:
Եվս մեկ հետաքրքիր մրցաշար սպասվում է Ջերմուկում, որտեղ հոկտեմբերի սկզբին կանցկացվի պատանեկան Գրի-Պրիի երկրորդ փուլը: Իսկ առաջին և երրորդ փուլերի մասնակիցները կմրցեն Ռուսաստանի Կրիշի քաղաքում:
Մրցումների այս շարքը ստեղծված է «Աշխարհի պատանի աստղեր» ամենամյա մրցաշարի հիման վրա, որն անցկացվում է Կրիշի քաղաքում և նվիրված է շախմատիստ Իվան Սոմովի հիշատակին: