Մարմնամարզիկները հայտ են ուղարկել պատանեկան օլիմպիական փառատոնի մասնակցության համար
«Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ) հայտ ենք ուղարկել օլիմպիական փառատոնին մասնակցելու համար»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է մարմնամարզության Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Լիզա Չադրչյանը:
Նրա խոսքով, մասնակցելով փառատոնին` աղջիկները հնարավորություն կունենան 2018 թվականի Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:
«Երեք մարզուհու համար ենք հայտ ուղարկել, այդքան է թույլատրվում, սակայն չգիտենք` քանիսին կհաստատեն: Պատասխանը կլինի ապրիլին: Նախատեսում ենք մեր երեք առաջատարների` Աննա Գրիգորյանի (նկարում), Ելենա Հայկազունու, Աննա Պետրոսյանի մասնակցությունը: Սակայն նրանց անունները դեռևս չենք ներկայացրել ՄՕԿ-ին: Կախված է այն հանգամանքից, թե քանի մարմնամարզիկի կթույլատրեն: Մեկ մարզիկի հաստատման դեպքում Աննա Գրիգորյանը կլինի: Հույս ունեմ, որ գոնե երկու մասնակից կունենանք»,-ասել է հավաքականի գլխավոր մարզիչը:
Լիզա Չադրչյանը հայտնել է, որ հավաքի հստակ ծրագիր դեռեւս չունեն: Շարունակելու են մարզվել Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում:
«Աննա Գրիգորյանը, գուցե, մասնակցի Բաթումի քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին: Դեռ որոշված չէ:
Առաջիկայում Ռուբեն Միքայելյանի անվան հուշամրցաշարն է (ապրիին 21-23-ը): Ներդպրոցական մրցում է, սակայն բաց առաջնության կարգավիճակ ունի և կարող են մասնակցել ինչպես Հայաստանի տարբեր մարզերից, այնպես էլ արտասահմանից: Մասնակցության հայտեր կան Դուբայից: Այժմ զբաղվում ենք նրանց հրավերի հարցերով:
Առաջնությունը լինելու է 4 տարիքային խմբով (առաջին պատանեկան եւ երրորդ, երկրորդ եւ առաջին մեծահասակների կարգ)»,- նշել է Լիզա Չադրչյանը:
Օլիմպիական փառատոնը կկայանա 2017 թվականի օգոստոսի 19-29-ը: