Նոր կանոններ՝ ըմբշամարտում
Ըմբշամարտի կանոնները հերթական անգամ կենթարկվեն փոփոխության: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, հղում անելով Ըմբշամարտի համաշխարհային միությանը (UWW), գրում է, որ յուրաքանչյուր ոճում քաշային կարգերն 8-ի փոխարեն կլինեն 10-ը: Յուրաքանչյուր քաշային կարգում մրցումները կանցկացվեն երկու օր:
Քաշային կարգերի փոփոխությունը հաստատման կներկայացվի այս տարի, Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ` UWW-ի համաժողովում:
Հաստատվելու դեպքում մեծահասակների, Մ 23 տարեկանների ու երիտասարդների նոր քաշային կարգերն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունվարի 1-ից: Երկօրյա մրցութային ձևաչափը կկիրառվի պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ժամանակ, որոնք տեղի կունենան, համապատասխանաբար, հուլիսին՝ Սարաևոյում և սեպտեմբերին՝ Աթենքում: Եթե այս նորամուծությունը վերջնականապես հաստատվի` այն ևս ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից: Այս ձևաչափի դեպքում ըմբիշները կկշռվեն մրցութային յուրաքանչյուր առավոտ` երկրորդ օրվա համար 2 կգ փոփոխության թույլտվությամբ:
Աշխարհի առաջնության մրցաշարային ցանկում, առաջատարների ավելի արդարացի բաշխման նպատակով, UWW-ի բյուրոյի անդամները քվեարկել են ըմբիշների ամենամյա վարկանիշային աղյուսակ ստեղծելու համար:
Այս տարվա` Փարիզի աշխարհի առաջնությունում վարկանիշը կորոշվի Ռիո-2016-ի և 2017 թ-ի մայրցամաքային առաջնությունների արդյունքներով: Ակնկալվում է, որ հաջորդ մրցաշրջանից սկսած, վարկանիշային աղյուսակը որոշելիս հաշվի կառնվեն նաև մի քանի այլ մրցաշարերի արդյունքներ:
«Այս բարեփոխումները մեծ առավելություն կտան մեր մարզաձեւին: Այն ավելի դիտարժան կդառնա հանդիսատեսի եւ ըմբիշների համար»,- նշել է UWW-ի նախագահ Նենադ Լալովիչը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել են, որ ըմբշամարտի նոր կանոնների վերջնական տարբերակը UWW-ն ազգային ֆեդերացիաներին կտրամադրի ապրիլի սկզբներին: