Այս տարվա հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.2%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.2%-ով։ Միաժամանակ, փետրվար ամսվա ՏԱՑ-ը հունվարի նկատմամբ կազմել 10.7%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ փետրվարի համեմատ՝ 6%:
Ըստ ԱՎԾ-ի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է արդյունաբերության ոլորտում: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-փետրվարին աճել է 16.1%-ով, նախորդ ամսվա համեմատ՝ 10.5%-ով, իսկ 2016թ-ի փետրվարի համեմատ՝ 19.9%-ով:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալին, ապա այս տարվա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.1%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ևս առկա է աճ 10.4 տոկոսով: 2016թ. հունվար-փետրվարի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն էլ (առանց առևտրի) աճել է 11.1 տոկոսով:
Ըստ ԱՎԾ-ի` առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էլ աճել են 9.6%-ով:
2017թ-ի հունվար-փետրվարին շինարարության ծավալը նվազել է 13.8%-ով:
Սպառողական գները ևս, ըստ ԱՎԾ-ի, նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ նվազել են 0.4%-ով:
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 22.2 %-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 20.1 %-ով (273.7 մլն դոլար), իսկ ներմուծումը՝ 23.5%-ով (487.3 մլն դոլար):
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-փետրվարին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 1.1 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 0.6%. պետական համակարգում միջին աշխատավարձը նվազել է 2.5%-ով` կազմելով 153 հազ. դրամ: Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա այստեղ աճը կազմել է 2.9%՝ հասնելով 217 հազար 346 դրամի: