Ապրիլյան պատերազմին հայկական տեղեկատվական դաշտը, ի տարբերություն Ադրբեջանի, ակնհայտ առավելություն ապահովեց. Արման Սաղաթելյան
Հայաստանը միշտ լինելով ճգնաժամում, կարողացել է ռեսուրսները ճիշտ օգտագործելով՝ հաղթանակով դուրս գալ ցանկացած ճգնաժամային իրավիճակից: Այս մասին այսօր Երևանում ընթացող «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» թեմայով WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումի ժամանակ ասաց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը։
Նրա խոսքերով՝ Հայաստանն այն եզակի պետություններից է, որ խորհրդային միության փլուզումից հետո մշտապես եղել է ճգնաժամում՝ պատերազմական վիճակ, տեղեկատվական քարոզչություն և այլն:
«Արդեն 25 տարի է, մենք անընդհատ այդ ցիկլում ենք»,- ասաց նա:
Արման Սաղաթելյանը նշեց, որ Հայաստանը մտնում է այն 14 երկրների մեջ, որտեղ որևէ միջամտություն համացանցի կառավարման առումով չի իրականացվել, այսինքն՝ ինտերնետում գրաքննություն գոյություն չունի: Եվ այդ իրավիճակում, ըստ նրա, ապատեղեկատվության, «ֆեյք» նորությունների կամ այլ զանգվածների դեմ պայքարելը բավականին դժվարին, բայց շնորհակալ գործընթաց է։
«Այսինքն՝ ստիպված ակտիվանում են պատկան մարմինները, պետական կառույցները, որոնք պատասխանատու են այդ ոլորտի համար և ստիպված են լինում ակտիվ աշխատել ու լինել զգոն, աչալուրջ: Բացի այդ, իր հերթին ակտիվանում է մասնագիտական-փորձագիտական հանրությունը, որը փորձում է ինքնակարգավորման որոշակի մեխանիզմներ ունենալ»,- ընդգծեց Արման Սաղաթելյանը և որպես օրինակ նշեց ֆեյսբուքյան «Մեդիագրագիտություն» խումբը, որտեղ փորձագիտական և լրագրողական շրջանակները փորձում են ի ցույց դնել այն բոլոր խնդիրները, որոնք առկա են տեղեկատվական դաշտում:
Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն ասաց, որ հայաստանյան լրատվական դաշտում լրջագույն խնդիրներից մեկն այն է, որ որոշ լրատվամիջոցներ շարունակում են «հակառակորդների քարոզչական, ապատեղեկատվություն պարունակող» լուրերը թարգմանել ու բերել հայաստանյան իրականություն. «Դա աբսուրդի է հասնում ու դա մեր լրջագույն պրոբլեմներից է։ Չափազանց անհեթեթ, ակնհայտ սուտ տեղեկատվություն կամ մեկնաբանություն կարող է թարգմանվել ռուսերենից հայերեն ու բերվել հայկական դաշտ»:
Նա նաև անդրադարձավ ապրիլյան քառօրյա պատերազմին՝ նշելով, որ հայկական տեղեկատվական դաշտը, ի տարբերություն հարևան Ադրբեջանի, ակնհայտ առավելություն ապահովեց:
«Ի տարբերություն փակ համակարգի, ունենալով բաց համակարգ, մենք երբևէ չենք սահմանափակել լրատվամիջոցների ազատ տեղաշարժը և արտահայտվելու հնարավորությունը, այլ ապահովելով անվտանգության պայմաններ, թույլ ենք տվել միջազգային հարթակների մուտքը մարտական գործողությունների գոտի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք, որպեսզի իրենք ազատ արտահայտվելու հնարավորություն ունենան և նյութեր պատրաստեն»,- նշեց Արման Սաղաթելյանը:
Ամփոփելով խոսքը՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն ասաց, որ բնականաբար, բաց համակարգը, տեղեկատվական լիբերալիզմը, որի կողմնակիցն է Հայաստանը, որոշակի ռիսկեր ունի, մասնավորապես, դրանցից են ապատեղեկատվության խոշոր հոսքերը, «մանիպուլյացիան», ազատ արտահայտվելու իրավունքի և խոսքի ազատության չարաշահումը, որը լուրջ խնդիրներ է առաջացնում:
«Խոսքի ազատությունը չի նշանակում ամենաթողություն, մեզ մոտ իրավունքները դեռ ավելի շատ են, քան պարտականությունները։ Սակայն առավելություններն ակնհայտ են, դա մեր էվոլյուցիան է ու զարգացումը։ Ի տարբերություն փակ համակարգերի, մենք շատ ավելի կայուն ենք, մենք շատ ավելի մեծ ինտելեկտուալ ու կրեատիվ պոտենցիալ ունենք այս ամենի արդյունքում, և մենք ի վիճակի ենք զարգանալ ու արձագանքել նոր մարտահրավերների»,-ընդգծեց Արման Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ Երևանում այսօր մեկնարկել է «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» խորագրով WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումը, որը կազմակերպվել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) և Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Asociation) համատեղ ջանքերով։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Աբրահամյան. Ֆեյսբուքը ցնցուղի փոքր շիթն է, որ ընկնում է ձեզ վրա
- Շոն Գարդները «The Huffington Post»-ում սյունակ կգրի Հայաստան կատարած այցելության մասին
- Աշխեն Բեգլարյանը քաղաքացիական շարժումների զարգացման պատմության մեջ առանձնացրեց «Մաշտոցի պուրակը», «Էլեկտրիկ Երևանը»
- WCFDavos/Yerevan ֆորումի մասնակիցներին չես վախեցնի Բելառուսից արտաքսումով. Արա Սաղաթելյան
- Այսօր մենք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ենք, ճիշտ մարդկանց հետ. Յանինա Դուբեյկովսկայա
- Սոլլի Մոենգ. Հայաստանի բրենդավորման մեջ առաջընթացի համար պետք է ավելի ակտիվորեն ներկայացնել երկիրը
- Երևանում մեկնարկել է «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» թեմայով ֆորումը
- Հաղորդակցության համաշխարհային ֆորում. Ժնևից Երևան