Նախաստորագրվել է Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինին և Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսին։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, նախարար Նալբանդյանը ողջունել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրելու նպատակով ԵՄ պաշտոնյաների այցելությունը և վստահություն հայտնեց, որ փաստաթուղթը նոր էջ կբացի Հայաստանի և Եվրոպական միության և նրա անդամ երկրների հետ հարաբերություններում։
Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ համաձայնագիրը կստորագրվի այս տարվա ընթացքում և հավելեց, որ այն կարտացոլի Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների խորությունը, մակարդակը և ծավալը։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ փաստաթուղթը վկայում է այն կարևորության մասին, որ Հայաստանը տալիս Է Եվրոպական միության հետ իր համագործակցությանը։
Հանդիպմանը հաջորդել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը։
Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը նախաստորագրել են գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ինչպես նաև առևտրական հարցերով բանակցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Եվրոպական միության անունից նախաստորագրել են գլխավոր բանակցող, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինը, ինչպես նաև ԵՄ կողմի առևտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ԵՄ բանակցված փաստաթուղթն առհավատչյան է ՀՀ իշխանությունների քաղաքական հստակ կամքի. Ս. Ֆարմանյան
- Մոտենում է ՀՀ-ԵՄ բանակցությունների եզրափակիչ փուլը
- ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի բանակցային գործընթացը 2017 թ. կմտնի ավարտական փուլ. Կ. Նազարյան
- Նալբանդյանը՝ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի մասով
- Վասիլիս Մարագոսը կարևորել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան