Երևանում մեկնարկել է «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» թեմայով ֆորումը
Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA), Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) հետ համագործակցությամբ մարտի 21-22 Երևանում կազմակերպել է WCFDavos/Yerevan երկօրյա ֆորում: Ֆորումի տարածաշրջանային նիստն անց է կացվում «From Crisis to Development - Powered by Communication» («Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ») թեմայով:
Ֆորումի բացմանը Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի նախագահ Արա Սաղաթելյանն իր խոսքում ասաց. «Փաստ է, որ հաղորդակցության և դրա կառավարման կարևորությունն աշխարհում աճում է։ Օրեցօր զարգացող և փոփոխվող տեղեկատվական միջավայրը ստեղծում է նոր հնարավորություններ՝ միաժամանակ առաջ բերելով նոր մարտահրավերներ։ Մենք գործում ենք հետճշմարտային քաղաքականության պայմաններում “post-truth politics”, որը բնութագրվում է սոցիալական ցանցերի դարաշրջանում փաստերի կարևորության պայմանական նվազմամբ, որոնց փոխարեն առաջին պլան են մղվում այդ փաստերի մեկնաբանությունները և դրանց հետ կապված հույզերը։ Սա տասնապատիկ ավելացնում է հաղորդակցության և դրա ուղիների կառավարիչների դերը և պատասխանատվությունը։ Արդի իրականությունը վերահաստատում է մասնագիտական մոտեցումը, համաձայն որի՝ մեր աշխատանքը ոչ թե ծառայություն է, այլ առաքելություն է դարձել»։
Դիմելով օտարերկրյա գործընկերների և ներկայացնելով հայաստանյան իրականությանը՝ Ա. Սաղաթելյանն ընդգծեց. «Մեր երկրի տեղեկատվական միջավայրն ունի մի շարք առանձնահատկություններ: Մենք գտնվում ենք առնվազն Թուրքիայի և Ադրբեջանի բացասական քարոզչության, հակահայկական նախաձեռնությունների թիրախում: Միաժամանակ, Հայաստանում արվում է ամեն հնարավորը, որպեսզի նվազեցվի ագրեսիվ արտաքին տեղեկատվական հոսքերի բացասական ազդեցությունը հասարակության վրա: Բոլորիս համար խոսքի և մամուլի ազատությունը ու դրանց շարունակական զարգացումն այն արժեքներն են, որոնք առաջնային են ժողովրդավարական գործընթացների համատեքստում: Հաղորդակցության և մեդիա ոլորտի մասնագետները շարունակում են փնտրել այն ուղիները, որոնց շնորհիվ լիարժեք կապահովվի տեղեկատվության հասանելիությունը, խոսքի ազատության իրավունքի իրացումն ու, միաժամանակ, տեղեկատվության փոխանակման արդյունքում անվտանգության նոր սպառնալիքներ ի հայտ չեն գա։ Այս առումով հատկապես կարևորվում է իշխանության և հասարակության, քաղաքական գործընթացներին մասնակցող բոլոր ուժերի միջև շարունակական երկխոսությունը ավանդական ԶԼՄ-ների և նոր հարթակների միջոցով»։