Արամ Աբրահամյան. Ֆեյսբուքը ցնցուղի փոքր շիթն է, որ ընկնում է ձեզ վրա
«Միայն 1991 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո էր, որ զանգվածային բողոք չի եղել, միակ քաղաքական ուժը, որ դժգոհ էր՝ Պարույր Հայրիկյանի կուսակցությունն էր: 1995 թվականից սկսած բոլոր ընտրություններին հետևել են բողոքներ, բախումներ, ընտրությունների արդյունքների վիճարկում ՍԴ-ում, բանտերում հայտնված մարդկանց որակել են որպես քաղբանտարկյալներ»: Երևանում ընթացող «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» թեմայով ֆորումի ժամանակ ասաց «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը՝ խոսելով նախընտրական շրջանում տարբեր քաղաքական ուժերի, իշխանության, հասարակության տարբեր խմբերի միջև հաղորդակցության առանձնահատկության մասին:
Նա նշեց, որ այս տարի կայանալիք ընտրություններում տեղի է ունենալու ճիշտ նույնը:
«Պարզապես սպեցիֆիկան նրանում է, որ ընտրությունների արդյունքները վիճարկելու է ոչ թե ընտրություններում երկրորդ, կամ նույնիսկ առաջին տեղը զբաղեցրած «Ծառուկյան» դաշինքը, այլ փողոցային բողոքներով, բախումներով, գուցե կրակոցներով բողոքարկելու է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը»,- ասաց նա:
Խոսելով նախընտրական քարոզարշավի մասին, նա նշեց, որ 1995-96 թվականներին միայն մեկ հեռուստատեսություն ուներ լայն սփռում:
«Այժմ վիճակն այլ է: Ընտրություններին մասնակցող սուբյեկտներից ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդը», ԲՀԿ-ն՝ այսինքն «Ծառուկյան» դաշինքն ունեն իրենց հեռուստաընկերությունները, որոնք բնականաբար անցկացնում են իրենց կուսակցությունների PR-ը, հանդես են գալիս որպես այդ կուսակցությունների տեղեկատվական ռեսուրս: Իհարկե, ավելի լավ կլիներ, որ լինեին անաչառ, բազմակողմանի, չեզոք հեռուստաընկերություններ»,- ասաց թերթի խմբագիրը:
Ա.Աբրահամյանի խոսքով, այս ընտրություններն ամենախիստն են այն առումով, որ անցկացվում է մոնիտորինգ թե Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձաժողովի կողմից, թե ԵԱՀԿ/ԺԳՄԻԳ-ի կողմից, մոնիտորինգի պահանջներն են՝ բոլոր կուսակցություններին հեռուստաալիքներով նորությունների ժամանակ տրամադրվի հավասար ժամանակ:
«Որքան գիտեմ, բոլոր հիմնական հեռուստաընկերությունները, բացի այդ երեքից, րոպեներով հետևում են, որ բոլորին տրվի նույնքան ժամանակ»,- նշեց Ա. Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է Ֆեյսբուք սոցիալական ցանցին, նա ասաց, որ կուսակցությունները, նրանց քարոզչությամբ զբաղվողները մի փոքր գերագնահատում են դրա նշանակությունը.
«Ֆեյսբուքը ցնցուղի փոքր շիթն է, որ ընկնում է ձեզ վրա, իսկ հեռուստատեսությունն ավելի ազդեցիկ է»:
Հիշեցնենք, որ Երևանում անցկացվում է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA), Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) հետ համագործակցությամբ կազմակերպված WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումը: Ֆորումի տարածաշրջանային նիստն անց է կացվում «From Crisis to Development - Powered by Communication» («Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ») թեմայով:
Ֆորումի լսարանը Հայաստանում հաղորդակցության, PR-ի, մարքեթինգի և հարակից ոլորտների մասնագետներն են, մասնագետները պետական և մասնավոր հատվածից, ինչպես նաև համայնքային զարգացման մեջ ներգրավված մասնագետները և կազմակերպությունները:
Հարակից հրապարակումներ`
- Շոն Գարդները «The Huffington Post»-ում սյունակ կգրի Հայաստան կատարած այցելության մասին
- Աշխեն Բեգլարյանը քաղաքացիական շարժումների զարգացման պատմության մեջ առանձնացրեց «Մաշտոցի պուրակը», «Էլեկտրիկ Երևանը»
- WCFDavos/Yerevan ֆորումի մասնակիցներին չես վախեցնի Բելառուսից արտաքսումով. Արա Սաղաթելյան
- Այսօր մենք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ենք, ճիշտ մարդկանց հետ. Յանինա Դուբեյկովսկայա
- Սոլլի Մոենգ. Հայաստանի բրենդավորման մեջ առաջընթացի համար պետք է ավելի ակտիվորեն ներկայացնել երկիրը
- Երևանում մեկնարկել է «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» թեմայով ֆորումը
- Հաղորդակցության համաշխարհային ֆորում. Ժնևից Երևան