Աշխեն Բեգլարյանը քաղաքացիական շարժումների զարգացման պատմության մեջ առանձնացրեց «Մաշտոցի պուրակը», «Էլեկտրիկ Երևանը»
«Հայաստանում 2015 թվականի դեկտեմբերին կայացած սահմանադրական փոփոխություններով Հայաստանի քաղաքացիներին առավել լայն ազատություններ են տրվում արտահայտելու սեփական կամքը»:
Երևանում ընթացող «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» թեմայով ֆորումի ժամանակ ասաց Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի «Քաղաքական դիսկուրս», «Քաղաքական գործընթացների վերլուծություն» առարկաների դասախոս Աշխեն Բեգլարյանը:
Նրա խոսքով, քաղհասարակության զարգացման առաջնահերթությունը նշված է նաև ազգային անվտանգության ռազմավարության մեջ, որտեղ նշված է, որ քաղհասարակության զարգացումն արդյունավետ պետական կառավարման նպատակներից է:
Ա. Բեգլարյանն ասաց, որ Հայաստանի պատմության մեջ կարևորվում է 2008 թվականը, երբ սկսեցին ակտիվորեն ձևավորվել, զարգանալ քաղաքացիական շարժումները, ընդլայնվեցին 2011-ին, շարունակվում են առ այսօր:
«2008 մինչև 2017 թվականը 36 քաղաքացիական շարժումներ կամ նախաձեռնություններ են կազմակերպվել, որոնք հիմնականում արձանագրել են դրական արդյունք»,- ասաց Ա. Բեգլարյանը:
Նա քաղաքացիական շարժումների զարգացման պատմության մեջ առանձնացրեց «Մաշտոցի պուրակը» որպես առանձնահատուկ իրադարձություն:
«Ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ բոլոր սոցիալական շերտերի մոտ առաջացրեց հանրային շահի գիտակցում: Հանրային տարածքի համար պայքարում նկատելի էր ստեղծագործականությունը՝ կազմակերպում էին ցուցահանդեսներ, կինոդիտումներ, քննարկումներ: Այս ամենը բերեց նրան, որ ձևավորվեցին նոր ինքնություններ, տեքստեր, պրակտիկաներ»,- ասաց Ա. Բեգլարյանը:
Նա նշեց, որ քաղաքացիական շարժումների գործողությունները միտված չեն համակարգային փոփոխությանների, բայց քաղաքացիական պրակտիկաները կարող են նպաստել համակարգի պրակտիկաների փոփոխությանը:
«Քաղաքացիական շարժումները կարող են իրենց առջև խնդիր դնել փոխելու իշխանության հետ փոխհարաբերությունների մարտավարությունները: Այս առումով կցանկանայի առանձնացնել շարժումների հաղորդակցությունը քաղաքական ուժերի հետ: Երբ սկսեցին քաղաքացիական շարժումները գործունեություն ծավալել, դժկամությամբ ընդունվեցին ընդդիմադիր և իշխանական քաղաքական ուժերի կողմից, քանի որ իշխանության մաս կազմող ուժերը նրանց մեջ տեսնում էին վտանգավոր ուժ, ընդդիմադիր ուժերը տեսնում էին մրցակցի ուժ, բայց քաղաքացիական շարժումներն իրենց գործունեութամբ ապացուցեցին, որ միտված են համախմբելու և բարձրացնելու կոնկրետ սոցիալական հիմնախնդիր, իրազեկելու դրա մասին, հասնելու հիմնախնդրի լուծմանը, այսինքն ոչ միայն արտահայտում են քաղաքացիների շահերը, պահանջմունքները, այլ նաև լեգիտիմ միջոցներով փորձում են պաշտպանել շահերը, պահանջմունքները: Դրա արդյունքում որոշակիորեն մեղմվեց քաղաքական ուժերի վերաբերմունքը քաղաքացիական շարժումների նկատմամբ, քաղաքացիական շարժումների մեջ տեսնում են մեծ ներուժ, փորձում են երբեմն տեղափոխել իրենց դաշտ»,- ասաց Ա. Բեգլարյանը:
Քաղաքացիական շարժումների և իշխանության միջև փոխհարաբերությունների որպես լավագույն օրինակ բերեց «Էլեկտրիկ Երևանը»:
«Առանձնահատկությունն այն է, որ նախագահը հրավիրեց շարժման ակտիվիստներին մասնակցելու ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացին, աուդիտորական աշխատանքներին: Այս ամենը կբնութագրեի որպես կառուցողական երկխոսություն, կառուցողական բանակցությունների արդյունքում կայացված որոշում»,- նշեց բանախոսը:
Ա. Բեգլարյանն ասաց, որ այդ շարժման ժամանակ սկսեցին նաև Թվիթերն օգտագործել որպես սոցիալական մեդիա հարթակ: Նա նշեց, որ սոցիալական մեդիան նաև պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներն են սկսել օգտագործել որպես մեդիա հարթակ. «Սա մասնավորապես նկատելի էր ճգնաժամային իրավիճակներում: Օրինակ, ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարն օգտագործում էր Ֆեյսբուք սոցիալական ցանցը՝ օպերատիվ տեղեկատվության տրամադրելու համար: Ապրիլի 2-10-ը մամուլի քարտուղարի հետևորդների թիվը 15 հազարից հասավ 98 հազարի»:
Հիշեցնենք, որ Երևանում անցկացվում է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA), Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) հետ համագործակցությամբ կազմակերպված WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումը: Ֆորումի տարածաշրջանային նիստն անց է կացվում «From Crisis to Development - Powered by Communication» («Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ») թեմայով:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր մենք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ենք, ճիշտ մարդկանց հետ. Յանինա Դուբեյկովսկայա
- Սոլլի Մոենգ. Հայաստանի բրենդավորման մեջ առաջընթացի համար պետք է ավելի ակտիվորեն ներկայացնել երկիրը
- Երևանում մեկնարկել է «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» թեմայով ֆորումը