Պոլոսկով. Տարիների ընթացքում կոմբինատում աշխատող արտասահմանցի մասնագետների թիվը նվազել է
«Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում աշխատող ամենաառաջատար ձեռնարկություններից մեկն ենք: Տասը հազար մարդ է աշխատում՝ անուղղակիորեն, երեք հազար հինգ հարյուրը՝ ուղղակիորեն: 700 ընկերության հետ ենք աշխատում: Միայն երկրի ներսում 150 միլիոն դոլարի տարեկան ապրանքաշրջանառություն ունենք, կարևոր ազդեցություն ունենք արտահանման ոլորտում»,-Երևանում ընթացող «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» թեմայով ֆորումի ժամանակ ասաց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավար Մհեր Պոլոսկովը՝ խոսելով կորպորատիվ պատասխանատվության մասին:
Նրա խոսքով, Հայաստանը փոքր երկիր է, և որպես մեծ ձեռնարկություն, իրապես կարևոր հարց է իրենց համար սոցիալական պատասխանատվությունը. «Կոմբինատը մի համայնք է, անքակտելի մասն է Հայաստանի հասարակության: Ցանկանում ենք, որ երեք ու կես հազար մարդիկ, ովքեր աշխատում են կոմբինատում՝ բանվորից մինչև գլխավոր տնօրեն, աշխատեն հանրության հետ երկխոսությամբ: Մենք ուզում ենք հետադարձ կապ ունենալ նաև մեր թիրախային խմբերի հետ, որպեսզի ճշտենք մեր գործողությունները»:
Բանախոսն ասաց, որ կոմբինատը միջազգային, բազմազգ ընկերությունների հետ կարելի է համեմատել նաև թափանցիկությամբ, համեմատության հնարավորությամբ. «Պետք է համատեղ ըմբռնում լինի ընկերության, հանրության, համայնքների միջև: Ընկերությունը պետք է ի վիճակի լինի տալ հասարակությանը, ոչ միայն վերականգնել այն, ինչ վերցրել է: Մենք աշխատում ենք արժեքների ստեղծման վրա: Մարդկային կապիտալն ամենաարժեքավոր բաներից մեկն է, ամենակարևոր ռեսուրսը մարդիկ են»։
Մ. Պոլոսկովի խոսքով, իրենց համար ամենակարևոր աշխատանքը մարզի համայնքների կրթական հաստատություններին աջակցելն է, որպեսզի հետագայում զարգացնեն իրենց պոտենցիալը: Տարիների ընթացքում իրենց մոտ աշխատող արտասահմանցի մասնագետների թիվը նվազել է, փոխարենն ավելացել են տեղացիները:
Նաև տեղեկացրեց, որ ամիսներ առաջ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ հիմնվել է «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամը», որի ֆինանսավորման զգալի մասը հատկացնում է «Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատը»: Հիմնադրամի միջոցներով ստեղծվում են նոր աշխատատեղեր, լուծվում են մարզի բնակիչների խնդիրները:
ԶՊՄԿ տնօրենն ընդգծեց, որ կոմբինատը տարեկան տասը միլիոն դոլար է ծախսում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հետ կապված ծրագրերի վրա, 40 տոկոսը ոչ ուղղակի՝ այսինքն հիմնադրամների միջոցով, որոնք աշխատում են պատշաճ, պրոֆեսիանալ ձևով, 60 տոկոսը բաժանում են, թիրախավորում են իրենց աշխատակիցների միջոցով. «Մենք փորձում ենք ստեղծել ավելի ակտիվ հասարակություն, փորձում ենք այնպիսի նախաձեռնությունների մասին մտածել, որոնք թույլ են տալիս լինել ավելի կայուն, կայուն՝ ոչ միայն շրջակա միջավայրի նկատմամբ, նաև կարելի է ունենալ կայուն զարգացում առանց մեր մասնակցության»։
Կոմբինատի ղեկավարն ասաց, որ իրենք տեսնում են արդյունքներ, ցանկանում են, որ արդյունքներն ավելի շատ տեսանելի լինեն, քան կան. «Մենք չենք փորձում մեզ ցանկապատով պաշտպանել հնարավոր ռիսկերից, փորձում ենք մեզ զգալ, ընկալել հասարակության մի մասը, որտեղ ապրում ենք, ապրում են մեր ընտանիքները»:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյան պատերազմին հայկական տեղեկատվական դաշտը, ի տարբերություն Ադրբեջանի, ակնհայտ առավելություն ապահովեց. Արման Սաղաթելյան
- Արամ Աբրահամյան. Ֆեյսբուքը ցնցուղի փոքր շիթն է, որ ընկնում է ձեզ վրա
- Շոն Գարդները «The Huffington Post»-ում սյունակ կգրի Հայաստան կատարած այցելության մասին
- WCFDavos/Yerevan ֆորումի մասնակիցներին չես վախեցնի Բելառուսից արտաքսումով. Արա Սաղաթելյան
- Այսօր մենք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ենք, ճիշտ մարդկանց հետ. Յանինա Դուբեյկովսկայա
- Սոլլի Մոենգ. Հայաստանի բրենդավորման մեջ առաջընթացի համար պետք է ավելի ակտիվորեն ներկայացնել երկիրը
- Հաղորդակցության համաշխարհային ֆորում. Ժնևից Երևան