Քարոզարշավի ընթացքում մարդիկ շատ ջերմ են ընդունում «Ելք»-ին. Զարուհի Բաթոյան
Ոչինչ հնարավոր չէ փոխել, եթե ժողովրդի մտածելակերպը չփոխվի: Իսկ ժողովուրդը վախեցած է, մարդիկ վախենում են ընտրել առանց թելադրանքի: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ պատգամավորության թեկնածու Անահիտ Հարությունյանը:
«Ամեն բան կախված է մեզնից: Ապրիլյան պատերազմին մենք ցույց տվեցիք, որ մի ամբողջ միավոր ենք, նույնը պետք է ցույց տանք նաև ընտրությունների օրը՝ գնալու դեպի արդար Հայաստան: Կարծում եմ՝ այս ընտրություններին ՀՅԴ-ն ավելի շատ քվոտաներ կունենա: Ինչո՞ւ. որովհետև ազգաբնակչության մոտ Դաշնակցության հանդեպ վստահության մեծ չափաբաժին կա»,- ասաց պատգամավորության թեկնածուն՝ ցավ հայտնելով, որ կրիմինալը հայաստանյան ընտրությունների ժամանակ միշտ էլ որոշակի դերակատարություն է ունենում:
Հայկական վերածնունդ կուսակցության պատգամավորության թեկնածու Աբգար Ափինյանն էլ նշեց, որ մարդիկ հոգնել ու ձանձրացել են քարոզարշավի ընթացքում կուսակցությունների ու դաշինքների սին խոստումներից:
«Մենք առաջարկում ենք «Բոլորը մեկի համար» սկզբունքը: Երբ համայնքը օգնի իր ներսում ապրող մեկ անհատին, համընդհանուր վախի մթնոլորտը կվերանա: Ինչ վերաբերում է կրիմինալին, ապա հենց այդ ուժն է, որ մարդկանց վախեցնելով ու կաշառք խոստանալով՝ փորձում է ազդել վերջնական ելքի վրա»,- ասաց նա՝ միաժամանակ հույս հայտնելով, որ ՀՎԿ-ն այս ընտրություններին ավելի մեծաքանակ քվեներ ստանալու ակնկալիքներ ունի:
«Ելք» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Զարուհի Բաթոյանն էլ իր հերթին նկատեց, որ առաջադրվել է հաշմանդամություն ունեցող անձանց կյանքում համակարգային փոփոխություններ բերելու համար:
«Պատահական չէ, որ քարոզարշավի ընթացքում մարդկանց ասում ենք՝ «Ելք կա»: Մեր հիմնական ուղերձը հետևյալն է. վստահեք մեզ և տվեք ձեր քվեն, իսկ մենք կօգնենք լուծել ձեր խնդիրները»,- նշեց բանախոսը՝ միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանում այսօր ապրում է հաշմանդամություն ունեցող 200 հազար քաղաքացի:
Զարուհի Բաթոյանի խոսքով, մարդիկ շատ ջերմ են ընդունում «Ելք»-ին, ինչը հույս է տալիս կարծելու, որ ԱԺ-ում բավարար ներկայացվածության պարագայում «Ելք»-ն ընդդիմադիր այլ ուժերի հետ կկարողանա հակակշռել իշխանությանը:
Վերջում բանախոսն ափսոսանք հայտնեց, որ ուղիղ եթերով հեռուստաբանավեճեր չեն կազմակերպվում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին