Այսօր մենք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ենք, ճիշտ մարդկանց հետ. Յանինա Դուբեյկովսկայա
«Այս ֆորումից մեծ ակնկալիքներ ունեմ»,- այս մասին այսօր Երևանում մեկնարկած «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» թեմայով ֆորումում հայտարարեց Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի նախագահ Յանինա Դուբեյկովսկայան:
Հիշեցնենք, որ Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA), Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) հետ համագործակցությամբ մարտի 21-22 Երևանում կազմակերպել է WCFDavos/Yerevan երկօրյա ֆորում:
Յանինա Դուբեյկովսկայան նշեց, որ նախորդ տարի Դավոսում կազմակերպված ֆորումի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչները՝ Արմեն Թավադյանը և Տաթևիկ Փիրումյանը տպավորիչ ելույթ են ունեցել. «Մեր հյուրերից շատերը գաղափար չունեին, որ Հայաստան անունով երկիր գոյություն ունի, ինչի համար ցավում եմ: Հայաստանի ներկայացուցիչները՝ Արմենը և Տաթևիկը ուղղակի բացեցին այս մարդկանց աչքերը, բացեցին դռները, որպեսզի այդ մարդիկ հասկանան, թե ինչ երկիր է Հայաստանը: Եւ շատ տրամաբանական է, որ այսօր Հայաստանում ենք ֆորումը կազմակերպում»։
Նա շնորհակալություն հայտնեց բոլոր ընկերություններին, որոնք աջակցություն են ցուցաբերել ֆորումի կազմակերպման համար. «Ցանկացած երկիր ունի եզակի փորձ և մենք ֆորումին հրավիրել ենք բոլոր մայրցամաքներից փորձագետներ, որպեսզի ոչ միայն հասկանանք, թե ինչքան մեծ է աշխարհը տարբեր տեսակետներից և ինչքան փոքր է այն, երբ մարդիկ հանդիպում են ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին: Եւ այսօր մենք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ենք, ճիշտ մարդկանց հետ, ճիշտ համայնքով»։
Նա նաև նշեց, որ տպավորված է Հայաստանով՝ հատկապես հյուրասիրությունից, մարդկանց ժպիտներից:
Հարակից հրապարակումներ`
- Սոլլի Մոենգ. Հայաստանի բրենդավորման մեջ առաջընթացի համար պետք է ավելի ակտիվորեն ներկայացնել երկիրը
- Երևանում մեկնարկել է «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» թեմայով ֆորումը