Կարեն Կարապետյան. Ոռոգման ջրի խնդիրը մենք համակարգված լուծելու ենք
Արարատի մարզի Մասիս քաղաք այցելած վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը գյուղապետերից մեկը բարձրացրեց ոռոգման ջրի խնդիրը:
«Մասիսի շրջանի էն գյուղերում, որտեղ կա ոռոգման ջուր, էդ գյուղերում ժողովուրդն ապրում է լավ: Կոնկրետ Խաչփարում 80 տոկոսն ապահոված է ջրով և էդ 80 տոկոսի հետ սեփական եկամուտների հավաքման հետ կապված ոչ մի խնդիր չկա»,-ասաց Ղազար Մարտիրոսյանը, ով Խաչփարի գյուղապետն է:
Նա դժգոհեց՝ «ասում են ջրաշրջանառություն, բայց բույսը չի հասկանում դա ինչ է»: Ոռոգման ջրի ապահովման դեպքում Մասիսը, նրա խոսքով, կլինի հարուստ շրջան:
Վարչապետը հետաքրքրվեց. «Ջրամատակարարման խնդիրը հնգամյածրագրում կա՞»:
Խաչփարի գյուղապետն ասաց՝ առաջին հարցն է:
«Դե, ուրեմն՝ քայլ առ քայլ լուծելու ենք: Քանի՞ ֆերմեր կա ձեր Խաչփարում»,-հետաքրքրվեց նա:
«Խաչփարում 1123 ջրօգտագործող կա, ես բոլորին համարում եմ ֆերմերներ, որովհետև բոլորի ապրուստի միջոցը հողն է»,-ասաց գյուղապետը:
Կառավարության ղեկավարը հաջորդ հարցն ուղղեց՝ կաթիլային ոռոգո՞ւմ կա: Խաչփարցին ասաց՝ վերջին տարիներին ջերմոցներում ներդրվել է, դաշտերում դեռ չէ: Ինտենսիվ այգիներ էլ դեռ չկան:
«Մենք այս տարի կառուցելու ենք Վեդու ջրամբարը, այն մեզ վրա նստելու է 90 մլն եվրո: Հնարավոր է, որ մենք կաթիլային ոռագման համար ներդնեինք 50 մլն դոլար, և այսօր Վեդու ջրամբարի կառուցման համար այդքան գումար չէինք ներդնի: Գյուղացու վրա ջուրը կնստեր 1000 դրամի փոխարեն 300 դրամ: Մեր գյուղացու բերքն էլ կլիներ ոչ թե 100, այլ 170 դրամ, որովհետև կաթիլային համակարգը բերում է աճ: Ջրի խնդիրը մենք համակարգված լուծելու ենք, մեր ամբողջ ծրագիրն ուղղված է լինելու նրան, որ ՀՀ քաղաքացին նորմալ ապրի »,-ասաց նա:
Վարչապետը գյուղապետին կոչ արեց քննարկել օպտիմալ այլ հնարավոր տարբերակներ, որպեսզի գյուղացին էլ քիչ ծախսի տակ ընկնի:
Նա խոսեց նաև ձկնաբուծության մասին: «Մենք ջրերը քաշում ենք, հողի կորոզիա ունենք, Ատոմակայանում ջրի պակասի խնդիր ունենք: Ես դեմ չեմ ձկնաբուծությանը, բայց այն ինտենսիվ մեր ջուրը քաշում է ու դրա դիմաց վճարումներ չի կատարում, իհարկե ոչ բոլորը»,-ասաց վարչապետը, նշելով, որ Արարատյան դաշտավայրի լավորակ հողերը չվնասելու համար պետք է խելոք կառավարում:
Նրա խոսքով, պետք է այնպես անել, որ կարողություններից օպտիմալ օգուտ ստանան: Գյուղնախարարի առաջ խնդիր է դրած, որ նա ուղղորդի մարդկանց:
«Երեկ չէ առաջին օրը մի գյուղում մեկն ասում է, պարոն վարչապետ անասուն եմ պահում, բայց արածելու տեղ չկա: Ես էլ ասում եմ, անասուն ինչի՞ ես պահում, շինշիլա պահի, որը հատուկ տեղ չի պահանջում: Դուք էլ տեղերում պետք է օպտիմալ լուծումները տաք»,նշեց կառավարության ղեկավարը:
Նա օրինակ բերեց Իսրայելը. «Բա Իսրայելն ի՞նչ ասի, ամբողջն անապատ է, ծովից աղի ջուր են վերցնում, ֆիլտրացիա անում, օգտագործում»։