Հայաստանն ունի բազմաթիվ առավելություններ, որոնք կարելի է ներկայացնել աշխարհին. Վասիլի Դուբեյկովսկի
«Հիանալի երկիր է Հայաստանը: Դուք ասացիք, որ Հայաստանը փոքր է, դրա համար աշխարհում որոշ մարդիկ չգիտեն Հայաստանի մասին: Բայց Հայաստանն ունի բազմաթիվ առավելություններ, որոնք կարելի է ներկայացնել ողջ աշխարհին»,- Երևանում ընթացող «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» խորագրով ֆորումի ժամանակ ասաց «CityBranding» ընկերության (Ռուսաստան) գործադիր տնօրեն Վասիլի Դուբեյկովսկին:
Նրա խոսքով, բրենդավորումը ոչ թե խնդիրների մասին խոսելն է, քանի որ մյուսներին չի հետաքրքրում ձեր խնդիրները, այլ խոսել՝ ինչ կարող եք անել, որոնք են ձեր առանձնահատկությունները:
Վասիլի Դուբեյկովսկու խոսքով, բրենդավորման հարցերով ոչ թե պետք է մի մարդ, մի բաժին զբաղվի, այլ բոլոր բնակիչները պետք է դառնան տվյալ տեղանքի բրենդավորման հենակետը:
«Հայաստանի բնակչությունից երկու անգամ ավելի շատ հայ է ապրում Հայաստանից դուրս: Հայաստանի համար լավ հնարավորություն է օգտագործել այդ գործիքը: Նրանց պետք է օգտագործել որպես հենակետեր ձեր երկրի մասին տեղեկատվություն տարածելու համար: Պետք է Հայաստանից դուրս բնակվող հայերի հետ տարբեր նախագծեր իրականացնել, ոչ թե գրասենյակներ բացել Հայաստանը գովազդելու համար»,- ասաց նա:
Վասիլի Դուբեյկովսկին նաև նշեց, որ իրազեկվածությունը երկրների ամենակարևոր չափանիշն է կոորպորատիվ բրենդավորում անելիս: Նա ասաց, որ երբ խոսում են երկրի բրենդավորման մասին, չեն կարող անտեսել երկրի պատմությունը, ավանդույթները:
«CityBranding» ընկերության գործադիր տնօրենի խոսքով, երկրների մասին առաջինը մարդիկ տեղեկանում են դեռ դպրոցական տարիքից՝ աշխարհագրության դասագրքերից, ինչպես նաև պատմության, գրականության: Երկրի ներկայացման համար, նրա խոսքով, շատ է օգտագործվում նաև մշակույթը, խոհանոցը:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին մեկնարկեց WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումը, որը կազմակերպվել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) և Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) համատեղ ջանքերով:
Տարածաշրջանում իր ձևաչափով առաջին անգամ անցկացվող ֆորումի շրջանակներում երեկ քննարկումներ են անցկացվել ճգնաժամային հաղորդակցության, սոցիալական մեդիաների, կորպորատիվ պատասխանատվության խնդիրների վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Կարևոր է՝ մենք, մենք, մենք-ը, ոչ թե ես, ես, ես-ը. Շոն Գարդներ
- Հնարավո՞ր է «համոզել» Facebook-ին, որ Ստեփանակերտի check in-ները Խանքենդի ցույց չտա. մեդիափորձագետի փորձը
- Պոլոսկով. Տարիների ընթացքում կոմբինատում աշխատող արտասահմանցի մասնագետների թիվը նվազել է
- Ապրիլյան պատերազմին հայկական տեղեկատվական դաշտը, ի տարբերություն Ադրբեջանի, ակնհայտ առավելություն ապահովեց. Արման Սաղաթելյան
- Արամ Աբրահամյան. Ֆեյսբուքը ցնցուղի փոքր շիթն է, որ ընկնում է ձեզ վրա
- WCFDavos/Yerevan ֆորումի մասնակիցներին չես վախեցնի Բելառուսից արտաքսումով. Արա Սաղաթելյան
- Երևանում մեկնարկել է «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» թեմայով ֆորումը