Վարդան Արամյանը՝ քաղաքական ուժերի խոստումների մասին
«Ի՞նչ եք կարծում՝ արդյոք մեր թիմը չունի ռացիոնալ մտածելակերպ, որ նախընտրական շրջանում ավելի շատ քվեներ ստանալու համար ավելի մեծ թվեր ներկայացնի քարոզարշավի ժամանակ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով հարցին, թե քարոզարշավի ժամանակ քաղաքական ուժերը հայտարարում են, որ աշխատավարձերը, թոշակները կբարձրացնեն, արդյոք դա հնարավո՞ր է, թե քաղաքական ուժերը պարզապես փորձում են դրական սպասումներ ձևավորել:
Նրա խոսքերով՝ եթե նվազագույն աշխատավարձը բարձրանա, մնացածն էլ պետք է ճշգրտվեն: Ըստ նախարարի՝ բյուջեից այսօր աշխատավարձերի վճարմանն ուղղվում է 446 մլրդ դրամ, եթե, օրինակ, նվազագույն աշխավարձը 55 հազարից դարձնեն 100 հազար դրամ, այսինքն՝ 60%-ով բարձրացնեն, ապա ավելի քան 350 մլրդ դրամի ճշգրտում` բարձրացում պետք է անեն։ Նույն բարձրացումը նախարարը հաշվարկեց նաև կենսաթոշակների համար:
«Կարևոր է ոչ միայն բարձրացումը, այլև հետագա տարիներին այն պահպանելը։ Եթե բարձրացնենք, ապա հարկերը ևս պետք է բարձրացնենք: Մենք չենք պատրաստվում աշխատավարձի, թոշակի բարձրացում անել` պարտք վերցնելու հաշվին: Ես բազմիցս ասել եմ, որ չի կարելի նման բան անել, քանի որ դա անազնիվ քայլ կլինի, դա խիստ վտանգավոր քայլ է»,- ասաց Վարդան Արամյանը՝ հավելելով, որ դա իրատեսական չէ, իսկ եթե նման հնարավորություն լիներ, իրենց թիմը հաստատ կգնար այդ քայլին:
Վարդան Արամյանը նշեց նաև, որ քաղաքական ուժերի խոստումները՝ գյուղատնտեսության ոլորտում, ԱԱՀ-ի գծով, ՓՄՁ-ների մասով, ևս իրատեսական չեն։