Հունվար-փետրվարին հարկերի հավաքագրումը գերակատարվել է շուրջ 15 մլրդ դրամով
2016 թվականին արտաքին աշխարհից եկող բացասական ազդեցությունները մեղմելու նպատակով կառավարությունն իրականացրել է ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականություն: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, 2016 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմել են 1171.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 0.3%:
Հարկային եկամուտներն էլ կազմել են 1079.7 մլրդ դրամ՝ աճելով նախորդ տարվա նկատմամբ 1.1%-ով, ծախսերը կազմել են 1449.1 դրամ՝ աճելով 2.8%-ով: Վարդան Արամյանը նշեց, որ պետական բյուջեի պակասուրդը մեծացել է՝ կազմելով 278 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 5.5%-ը, իսկ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 21.3%՝ նախորդ տարվա նկատմամբ բարելավվելով 0.1 տոկոսային կետով:
Անդրադառնալով հարկահավաքմանը, նախարարը նշեց, որ այս տարվա հունվար-փետրվարին հավաքագրված հարկերը գերակատարվել են և նախանշված ծրագրի, և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդհանուր առմամբ՝ շուրջ 15 մլրդ դրամով ավելի հարկեր են հավաքագրվել:
«Հարկերի տարեկան 1 տրիլիոն 135 մլրդ ցուցանիշն ապահովվելու համար նախատեսված է եղել հունվարին հավաքագրել 77.6 մլրդ դրամ հարկ: Մենք նախատեսվածից շուրջ 3 մլրդ դրամով ավելի ենք հավաքագրել, ինչը նախանշում է, որ դրական զարգացումներ կան նաև հարկահավաքման ոլորտում: Նույն միտումը դրսևորվել է նաև փետրվարին, երբ նախատեսել էինք 80 մլրդ դրամ, բայց հավաքագրեցինք 83.6 մլրդ»,- նշեց Վարդան Արամյանը:
Ֆինանսների նախարարն ասաց, որ մարտին ևս նկատվում են առաջանցիկ տեմպեր, ակնկալվում է, որ նման տեմպերի շարունակականության դեպքում հարկերի հավաքագրումը ևս ծրագրվածից ավելի կլինի:
Վարդան Արամյանը նաև հայտնեց, որ ներքին պարտքի ցուցանիշների մասով ևս կան դրական զարգացումներ: Մասնավորապես, դրանց տոկոսադրույքները` հունվար-փետրվարի տեղաբաշխումներից հետո` 14 տոկոսից նվազել են մինչև 9.6 տոկոս:
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Արամյանը՝ քաղաքական ուժերի խոստումների մասին
- Տարեսկզբից նկատվում է տնտեսության աշխուժացում. Վարդան Արամյան