ՌԴ-ում ՀՀ նոր դեսպանն էթիկապես ճիշտ չի համարում գնահատել նախորդի գործունեությունը
Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի աշխատանքային գործընթացը բավական ակտիվ և հագեցած գրաֆիկով է սկսվել՝ Հայաստանի նախագահի այցը Ռուսաստան, հանդիպումներ պատվիրակությունների հետ և այլն: Այսօր տեղի ուենցած մուլտիմեդիոն մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ինքը՝ դեսպանը:
Նրա խոսքով, դեսպանների գործունեությունը բարդ է և չգնահատված, հետևաբար իրեն դժվար է դատել Ռուսաստանում Հայաստանի դեսպանության աշխատանքները: Վարդան Տողանյանն այս համատեքստում հրաժարվեց գնահատական տալ ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Օլեգ Եսայանի գործունեությունը՝ նշելով, որ դա էթիկապես ճիշտ չի համարում:
«Ինչ վերաբերում է մեր անելիքներին, ապա մենք առավելագույնս բաց ենք լինելու հայկական և ռուսական լրատվամիջոցների համար, ակտիվ ենք լինելու սոցիալական ցանցերում: Բազմաթիվ միջոցառումներ փորձելու ենք իրականացնելու բլոգերների և լրատվամիջոցների հետ համատեղ: Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական կապիտալի ներդրումներին, ապա ՀՀ նախագահի այցի ժամանակ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ այս ոլորտի զարգացման նպատակով: Հույս ունեմ, որ այս տարվա ընթացքում կոնկրետ ստորագրված փաստաթղթեր և ներդրումներ կլինեն»,- ասաց դեսպանը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության թեմային՝ Վարդան Տողանյանը նշեց, որ սպառազինության տեսանկյունից չպետք է մրցել Ադրբեջանի հետ, քանի որ խոսքը գլադիատորական մարտերի մասին չէ: Նրա համոզմամբ, կան առաջնահերթություններ, որոնց ուղղությամբ, պարզապես, հայկական կողմը պետք է շարունակի աշխատել:
«Մենք պետք է առաջ տանենք մեր շահերը: Մեր գործը մեր լոբբիզմով զբաղվելն է, ոչ թե հարևանների քայլերին հետևելը»,- ասաց նա:
Դեսպանը տեղեկացրեց, որ ՌԴ-ում հայկական հյուպատոսական ծառայություններն առավել հասանելի դարձնելու համար հստակ քայլեր են նախաձեռնվում: Նպատակն այն է, որ մարդիկ որևէ փաստաթուղթ ստանալու համար ժամերով ճանապարհ չկտրեն և հասնեն հեռավոր որևէ քաղաքում տեղակայված հյուպատոսարան:
Ամփոփելով՝ Վարդան Տողանյանը նկատեց, որ Հայաստանը հարաբերություններ պետք է զարգացնի և ամրապնդի միջազգային բոլոր կառույցների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան