1237 լուսանկար և 184 ֆիլմ՝ «Ավրորայի» մրցույթներին
Ավարտվել է «Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի և լուսանկարչական մրցույթների հայտերի ընդունման փուլը:
«Ավրորա» լուսանկարչական մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 1237 լուսանկար աշխարհի 48 երկրից, այդ թվում՝ Հայաստանից, Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Արգենտինայից, Կոլումբիայից, Թայլանդից, Վրաստանից և այլն: Նախաձեռնության հեղինակները տեղեկացնում են, «Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին մասնակցում է 184 ֆիլմ 27 երկրից:
Մրցույթների տեխնիկական պայմաններին համապատասխանող լուսանկարները և ֆիլմերը ներկայացվել են ժյուրիին: Ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահը ռեժիսոր Էդգար Բաղդասարյանն է, լուսանկարչական մրցույթի ժյուրիի նախագահը՝ լուսանկարիչ Ջոն Ստենմայերը:
Երկու մրցույթների պայմանների համաձայն՝ լուսանկարները և ֆիլմերը պետք է արտահայտեն մարդասիրության գաղափարը, ինչպես նաև «Ավրորա» մրցանակի դափնեկրի ընտրության չափանիշները՝ խիզախություն, նվիրվածություն և ազդեցություն:
«Ավրորա» լուսանկարչական և կարճամետրաժ ֆիլմերի մրցույթները կամփոփվեն ապրիլին: Հաղթող ֆիլմի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կշնորհի 4000 ԱՄՆ դոլարի պարգև, երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած ֆիլմերի հեղինակներին՝ 2000 և 1500 ԱՄՆ դոլարի պարգև: Լավագույն լուսանկարի հեղինակին կշնորհվի 2500 ԱՄՆ դոլարի պարգև, երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած լուսանկարների հեղինակներին՝ 1500 և 1000 ԱՄՆ դոլարի պարգև:
Մրցանակները հաղթողներին կշնորհվեն մայիսին՝ հատուկ միջոցառման ժամանակ: 2017թ. «Ավրորա» մրցանակի միջոցառումների շրջանակում կցուցադրվեն լավագույն լուսանկարներն ու ֆիլմերը:
Ապրիլի 24-ից մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կկազմակերպի մի շարք միջոցառումներ՝ ներկայացնելով մրցանակի 2017 թվականի հավակնորդների ոգեշնչող պատմությունները, ինչպես նաև մարդասիրական գործունեությունն աշխարհում: «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին: Հավակնորդներից մեկը մայիսի 28-ին Երևանում կճանաչվի 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին