Կարևոր է՝ մենք, մենք, մենք-ը, ոչ թե ես, ես, ես-ը. Շոն Գարդներ
Երևանում աշխատանքն է շարունակում Դավոսի Հաղորդակցության համաշխարհային ֆորումի տարածաշրջանային նիստը՝ WCFDavos/Yerevan: «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» խորագրով միջոցառմանը այսօր կքննարկվեն երկրի բրենդինգի և համայնքային զարգացման խնդիրներ, որոնց ժամանակ ելույթ կունենան ինչպես հայ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից ժամանած առաջատար փորձագետներ:
Նախքան քննարկումները Huffington Post «Twitter Powerhouses Series»-ի համահիմնադիր Շոն Գարդները սոցիալական մեդիայի մասին հատուկ ելույթ ունեցավ։ Նա նշեց, որ սոցիալական ցանցերը մարդկանց կապում են իրար հետ, համագործակցության հնարավորություն տալիս:
«Համագործակցությունը, կոլեկտիվ աշխատանքը շատ կարևոր է: Համատեղ աշխատանքի արդյունքում ավելի մեծ բաների կարելի է հասնել: Կարևոր է՝ մենք, մենք, մենք-ը, ոչ թե ես, ես, ես-ը: Ես-ը չի աշխատում»,- նշեց Գարդները:
Նրա կարծիքով, թափանցիկությունը խորացնում է հարաբերությունները:
Հարցին՝ սոցիալական մեդիայի հետ կապված լավագույն խորհուրդները որո՞նք են, նա ասաց, իր համար առաջին լավագույն գործիքը Ինսթագրամն է: Քարոզարշավի շրջանում, նրա խոսքով, կարելի է շատ նկարներ տեղադրել, օգտագործել մի քան «հեշթեգեր»:
«Երբեք մի վախեցեք ամեն օր ինֆորմացիա զետեղելուց, մի քանի «հեշթեգ» օգտագործելուց: Ֆեյսբուքը, Ինսթագրամը օգտագործեք միաժամանակ»- ասաց Շ. Գարդները:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին մեկնարկեց WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումը, որը կազմակերպվել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) և Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) համատեղ ջանքերով:
Տարածաշրջանում իր ձևաչափով առաջին անգամ անցկացվող ֆորումի շրջանակներում երեկ քննարկումներ են անցկացվել ճգնաժամային հաղորդակցության, սոցիալական մեդիաների, կորպորատիվ պատասխանատվության խնդիրների վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Սոցիալական ցանցերը քանդում են երկրներին, մարդկանց մեկուսացնող պատերը. «The Huffington Post»-ի սյունակագիր
- Ապրիլյան պատերազմին հայկական տեղեկատվական դաշտը, ի տարբերություն Ադրբեջանի, ակնհայտ առավելություն ապահովեց. Արման Սաղաթելյան
- Արամ Աբրահամյան. Ֆեյսբուքը ցնցուղի փոքր շիթն է, որ ընկնում է ձեզ վրա
- Շոն Գարդները «The Huffington Post»-ում սյունակ կգրի Հայաստան կատարած այցելության մասին
- WCFDavos/Yerevan ֆորումի մասնակիցներին չես վախեցնի Բելառուսից արտաքսումով. Արա Սաղաթելյան
- Այսօր մենք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ենք, ճիշտ մարդկանց հետ. Յանինա Դուբեյկովսկայա