Պատանի բադմինտոնիստները մեկնել են Իսրայել
Այսօր պատանի բադմինտոնիստները մեկնեցին Իսրայել` մասնակցելու միջազգային մրցաշարի:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանը հայտնել է, որ մրցաշարին կմասնակցի 3 հայ մարզիկ:
«Թել Ավիվում հանդես են գալու պատանիների երկու տարիքային խմբեր` Մ13 և Մ15 տարեկաններ: Մ13 տարեկանների մրցաշարում Հայաստանը կներկայացնի Էլեն Տիրատուրյանը, իսկ Մ15-ում` Գայանե Մամաջանյանը և Սվետլանա Բոյաջյանը:
Կարծում եմ` մեր պատանիները լավ հանդես կգան և մրցանակային տեղեր կզբաղեցնեն: Կմրցեն ինչպես մենախաղում, այնպես էլ` զուգախաղում»,-ասել է նա:
Մամաջանյանը և Բոյաջյանը միասին հանդես կգան զուգախաղում, Սվետլանան նաև խառը զուգախաղում` Իսրայելի ներկայացուցչի հետ: Տիրատուրյանը բացի մենախաղից կմրցի զուգախաղում Իսրայելի ներկայացուցչի հետ: Թիմը մեկնել է պատանիների գլխավոր մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի ղեկավարությամբ: Մրցաշարը կկայանա մարտի 23-25-ը:
Հայ բադմինտոնիստները կմեկնարկեն վաղը` մենախաղով: