Վարչապետի կոշտ գնահատականները վերաբերում էին Հյուսիս-հարավ ճանապարհի կամուրջների շինարարությանը.Արթուր Առաքելյան
Կառավարության նիստից հետո, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը անդրադառնալով վարչապետի կոշտ գնահատականներին՝ նշեց, որ դրանք վերաբերում էին Հյուսիս-հարավ ճանապարհի կամուրջների շինարարությանը:
«Դեպի Արտաշատի և Աշտարակի հատվածներում կան որոշ ենթակառուցվածքներ, որոնք իրականացվում են հիմնական ճանապարհի ծրագրի ավարտից հետո: Դրա պատճառն այն էր, որ այդ ենթակառուցվածքներն իրականացվում են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի արդյունքում կատարված տնտեսումների հաշվին, որը մեզ հնարարավորություն տվեց ի լրումն ծրագրի արդիականացնել նաև այդ ենթակառուցվածքը: Այդ ճանապարհներին հիմա կամուրջների ու ուղեանցերի շինարարություն է հիմա ընթանում»,- նշեց Արթուր Առաքելյանը:
Նրա խոսքերով՝ աշխատանքների տևողությունը սահմանված է մինչև 2017 թվականի ավարտը, բայց ըստ շինարարների հետ ձեռք բերված պայմանավորվածության՝ նախատեսվում է հիմնական մասն ավարտել մայիսին, բացել երթևեկությունը, իսկ բարեկարգման աշխատանքներն արդեն բաց երթևեկության ժամանակ կատարել: Իսկ երկու կամրջի աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին:
Փոխնախարարը նշեց, որ մոտ 1,5 մլն դոլար է ծախսվելու 9 կամուրջների ու ուղեանցերի արդիականացման համար:
«Այնտեղ նաև երկու կամուրջ լրացուցիչ են՝ գյուղատնտեսական տեխնիկայի ու անասունների անցման համար, քանի որ Մարմարաշեն ու Բուրաստան համայնքների հանրությունը դիմեց վարչապետին և որոշում կայացվեց, որպեսզի ևս երկու կամուրջ կառուցենք», - ասաց նա։
Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե «9:30 մոստերի վրա աշխատող չկա, հինգ անց կես սաղ «պերեկուր» են անում», Արթուր Առաքելյանը նշեց. «Մեզ համար կարևոր է վերջնաժամկետը ըստ պայմանագրի, եթե նկատեցիք, վարչապետը նշեց, որ մեր իրավահարաբերությունները կարգավորվում են կապալառու կազմակերպությունների հետ՝ բացառապես պայմանագրով, բայց նա հանձնարարեց, որպեսզի մենք կարողանանք հնարավորինս բանակցությունների արդյունքում օր առաջ հանձնել, որպեսզի այդ խնդիրը լուծվի»:
Արթուր Առաքելյանի խոսքերով՝ երբ նախագծային փուլում պլանավորվում է շինարարության տևողությունը, այդտեղ հաշվարկման ընթացքում հաշվի են առնվում քաղաքաշինական նորմեր։ Ըստ այդ նորմերի՝ տևողությունը պետք է լիներ ավելի քան երկու տարի, սակայն, փոխնախարարը նշեց, որ բանակցել են այդ ընկերությունների հետ և շուրջ կես տարում աշխատանքները կավարտեն:
Ինչ վերաբերում է ընդհանուր ճանապարհին, Արթուր Առաքելյանն ասաց, որ Հյուսիս-հարավ ճանապարհն այս պահին ակտիվ իրագործման փուլում է։
«Աշտարակից դեպի Թալին հատվածը, որը իսպանական ընկերության հետ կնքված պայմանագրի շրջանակում է, մինչև Թալին կհասցնեն 2018 թվականին, Թալինից դեպի Գյումրի շինարարությունն էլ կավարտեն 2018-2019 թթ-ին», - նշեց փոխնախարարը:
Հարցին, թե մինչև հիմա Հյուսիս-հարավ ճանապարհի քանի՞ տոկոսն է կառուցվել, Արթուր Առաքելյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ շահագործման է հանձնվել 35 կիլոմետր ճանապարհ, որի համար ծախսվել է մոտավորապես 70 մլն դոլար, իսկ ողջ ճանապարհի ավարտի համար այս պահին տարեթիվ չեմ կարող ասել»։