ՎԶԵԲ-ն ու ԿԲ-ն ամրապնդում են տեղական արժույթի և տեղական կապիտալի շուկաները
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) այսօր Երևանում կոնֆերանս են անցկացնում` քննարկելու տեղական կապիտալի շուկայի ամրապնդումը և տեղական արժույթով վարկավորման ընդլայնումը: Այս մասին հայտնում են ՎԶԵԲ-ի լրատվական ծառայությունից:
Միջոցառման հիմքում ընկած է 2016թ. մարտին ածանցյալների տեղական շուկայի բարեփոխումների մասին Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը հետևող՝ ՎԶԵԲ-ի և ՀՀ ԿԲ-ի միջև հաջողված համագործակցությունը:
Ակնկալվում է, որ միջոցառմանը ներկա կգտնվի ավելի քան 100 մասնակից, այդ թվում` կարգավորողները և շուկայի մասնակիցները, ինչպես նաև միջազգային ֆինանսական հաստատությունների, բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչները:
Կոնֆերանսը հիանալի հնարավորություն կընձեռի՝ քննարկելու Հայաստանի կապիտալի շուկայի վերջին զարգացումները և երկրում ավելի ուժեղ և տոկուն ֆինանսական ենթակառուցվածքի մշակմանն ուղղված հետագա քայլերը:
Ածանցյալների շուկայի և իրավական ու կարգավորող դաշտի զարգացումը գիտաժողովի մեկ այլ կարևոր թեմաներից է:
2016թ. հոկտեմբերին Հայաստանի խորհրդարանը կարևոր «ուղենիշ» է անցել՝ հաստատելով տեղական ֆինանսական շուկաները կարգավորող օրենքների փաթեթը և արժեթղթերի շուկայի մասին օրենքում փոփոխությունները:
Նոր օրենքը մշակվել է ՎԶԵԲ-ի հետ սերտ համագործակցությամբ: ՎԶԵԲ-ի Բաժնետերերի հատուկ հիմնադրամից ֆինանսավորված փորձագետներն համագործակցել են ՀՀ Կենտրոնական բանկի հետ իրավական բարեփոխումների շուրջ: Ծրագիրը նաև համակարգվել և աջակցություն է ստացել Սվոփերի և դերիվատիվների միջազգային ասոցիացիայի կողմից (ISDA):
ՎԶԵԲ-ի երևանյան ներկայացուցչության ղեկավար Մարկ Դեյվիսն ասել է. «Մենք ողջունում ենք իշխանությունների վճռականությունը՝ իրականացնելու համատեղ մշակված այս ծրագիրը: Մեր նպատակները համընկնում են. բարելավել տեղական կապիտալի շուկայի գործունեությունը, բարձրացնել իրացվելիությունը և օպտիմալացնել կարգավորման գործընթացները՝ խթանելու թողարկման, առևտրային և հեջավորման գործունեությունը»:
ՎԶԵԲ-ի՝ Տեղական արժույթի և կապիտալի շուկայի զարգացման թիմը ներկայացնող՝ ծրագրի պատասխանատու Յացեկ Կուբասն ավելացրել է. «Հետևելով անցած տարի իշխանությունների կողմից իրականացված հաջող բարեփոխումներին, ՎԶԵԲ-ը ցանկանում է շարունակել զարգացնել Հայաստանի կապիտալի շուկան՝ համագործակցելով Կենտրոնական բանկի և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ շուկայի մասնակիցների շրջանում կարողությունների զարգացումն ուժեղացնելու նպատակով, հեջավորման այնպիսի գործիքի օգնությամբ, ինչպիսինն է արտարժույթի և տոկոսադրույքների ռիսկերի կառավարումը: 2010թ. մայիսին ՎԶԵԲ-ը մեկնարկել է իր՝ Տեղական արժույթի և կապիտալի շուկայի նախաձեռնությունը՝ օժանդակելու ՎԶԵԲ-ի տարածաշրջանի որոշ մասերում արտասահմանյան կապիտալից և արտարժութային վարկերից չափազանց կախվածության) նվազեցմանը»:
ՎԶԵԲ-ը Հայաստանում հանդիսանում է առաջատար ինստիտուցիոնալ ներդրող՝ ընդհանուր ներդրումները կազմել են ավելի քան 1.13 մլրդ եվրո 157 նախագծերում երկրի ֆինանսական, ենթակառուցվածքների, էներգետիկայի և կորպորատիվ ոլորտներում: Նախագծերի 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին: