Կրթությունը նախընտրական ծրագրերում. քննարկում
«Հանրային քաղաքականության ինստիտուտ» հետազոտական կենտրոնն այսօր կազմակերպել էր «Կրթություն և ընտրություն. կրթությունը նախընտրական ծրագրերում» թեմայով քննարկումը, որի ընթացքում 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի բանախոսները ներկայացրեցին Հայաստանում կրթական քաղաքականության և կրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ իրենց դիրքորոշումը։
«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենց քաղաքական ուժն առաջարկում է հանրակրթական դպրոցներում կներդնել միջազգային բակալավրիատ ծրագիրը. «Առանձին դպրոցներում այս ծրագրի ներդրումը չի կարող հաջողության հասնել, քանի որ դա ընդհանուր միջավայր չի ապահովում։ Մենք Դիլիջանի դպրոցում ծրագրի նախաձեռնողներին առաջարկում ենք այդ հասմակարգը ներդնել հանրապետության բոլոր դպրոցներում։ Իշխանության գալուց հետո ձեռնամուխ ենք լինելու դրան, կարծում ենք՝ դա դրսի լավագույն փորձերից մեկն է և ընդհանուր համակարգում դրա ներդրումը լուրջ հաջողությունների կբերի»։
Նրա խոսքով՝ ներկայիս իշխանություններն էլ խոսում են միջազգային բակալավրիատ ծրագրի հայաֆիկացման մասին, բայց առանց քաղաքական շեշտակի համակարգային փոփոխությունների ցանկացած ծրագրի ներդրումը հանրակրթական ոլորտում որևէ հաջողություն չի կարող ունենալ։
«Ազատ դեմոկրատներն» առաջարկում են բուհերի, դպրոցների ղեկավար կազմերին զերծ պահել քաղաքականությունից, քաղաքական քարոզներից ու ընտրվելու դեպքում պարտասվում են օրենսդրորեն հարցին լուծում տալ։
«Կուսակցականացաված կրթական համակարգը հասարակությունը վերածում է ֆեոդալական համակարգի։ Այսօր դպրոցի ու տնօրենի ինքնավարությունը հավասարեցվել է զրոյի։ Հիմա այնքան են խորամանկացել, որ դպրոցներում ստորգետնյա ձևերով են քարոզչություն տանում։ Բուհերը նույնպես նույն սկզբունքով են աշխատում, ծառայել միայն գործող իշխանական ուժին։ Կառավարման խորհուրդները ղեկավարում են քաղաքական իշխանությունները՝ մի նպատակի համար, որպեսզի ընտրությունների ժամանակ որքան ուզենան «խփեն»»,-նշեց քննարկմանը մասնակից «Ազատ դեմոկրատների» ԱԺ պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանը։
«Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Կարեն Թումանյանն էլ հայտնեց, որ իրենց քաղաքական ուժն առաջարկում է ուսումնարանների, քոլեջների համակարգի զարգացում և ընդունելության քննությունների վերացում. «Կան մասնագիտություններ, որոնց վրա պետությունը պետք է ուշադրություն դարձնի։ Պետություն-կառավարություն-բուհերի ղեկավարություն կապը շատ թույլ է դրված»։
Ինչ վերաբերում է ընդունելության քննությունների վերացմանը, նրա խոսքով, պետք է հեշտ ընդունվեն, դժվար ավարտեն. «Արտասահմանյան փորձը դիտարկելիս տեսնում ենք, որ շատ հեղինակավոր բուհեր կան, որտեղ ընդունելության քննությունները ֆորմալ են, կարևորը սովորելու ընթացքն է»։
«Ծառուկյան» դաշինքը նախընտրական խրագրում դրույթ է ներկայացրել, որ ոչ մի լավ սովորող ուսանող ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով չպիտի դուրս մնա համալսարանից։ Իսկ թե ինչպես են պատրաստվում այդ ֆինանսական հարցերը լուծել, դաշինքի ներկայացուցիչ Արման Աբովյանն ասաց. «Ֆինանսական հարցեը կարելի է ապահովել տարբեր միջոցներով։ Կարելի է կատարել բուհին որոշակի հարկային արտոնություններ տալով, պետբյուջեյում նախատեսել մի որոշակի գումարային հատված, որը հնարավորություն կտա լավ սովորող ուսանողին կրթություն ստանալ։ Մեխանիզմները տարբեր են, մենք պատրաստ ենք քննարկել այդ մեխանիզմները»։
Կոնգրես-ՀԺԿ դաշինքն էլ գտնում է, որ բուհերը և գիտահետազոտական իսնտիտուտները պետք է միավորվեն մեկ միասնական հաստատության մեջ։
«Մեզ մոտ մինչև օրս պահպանվում է խորհրդային միությունից եկող արհեստական բաժանումը գիտության և կրթության միջև այնպիսի մի հսկայի առկայությամբ, որը կոչվում է Գիտությունների ազգային ակադեմիա։ Երբ ասում ենք Գիտությունների ազգային ակադեմիա, ամենևին չենք խոսում առանձին ինստիտուտների և գիտնականների մասին, այլ մտածում ենք այն, ինչ-որ կոչվում է նախագահություն, այսինքն՝ բյուրոկրատական մի կառույց, որը, կարծես թե, երկրորդ գիտության նախարարություն լինի։ Մենք առաջակում ենք վերացնել այդ բյուրոկրատական կառույցը և այդ պայմաններում ազատություն ստացած յուրաքանչյուր ակադեմիական ինստիտուտ որոշի՝ իր համար առավել արդունավետ է հետազոտական ոլորտը զարգացնել որևէ համալսարանի ֆակուլտետի հետ միավորվելով, թե մեկ այլ եղանակ ստեղծելով»,-ասաց դաշինքի ներկայացուցիչ Սամվել Կարաբեկյանը։
Հայաստանի համալսարանները աշխարհի հեղինակավոր համալսարանների կողքին ճանաչելի դարձնելու խնդիր է դրել Հանրապետական կուսակցությունը։
ՀՀԿ համամասնական ցուցակի անդամ Ռուզաննա Մուրադյանի խոսքով՝ այդ գործընթացն արդեն սկիզբ է առել, պետք է այն զարգացնել։
«Իմ կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզեցի, որ շատ ու շատ դաշինքներ ու կուսակցություններ ներառել են իրենց ծրագրում այս պահին կառավարության դրույցներում եղած ծրագրեր։ Մենք ևս որոշ դրույթներ վերցրել ենք կառավարության ծրագրից»,-ասաց նա։
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը արհեստածին է համարում ավագ դպրոցն ու մագիստրատուրաները։ Կոմկուսի անդամ Արմինե Դավթյանը գտնում է, որ խորհրդային տարիներին եղած 10-ամյա կրթությունը եղել է բավականին որակյալ, իսկ 12-ամյա կրթությունը լուրջ սոցիալական խնդիր է առաջացնում, ինչպես նաև պետական բյուջեի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն։
«Խորհրդային ժամանակաշրջանում ցանկացած դասագիրք, ուսումնական, բուհական ծրագիր անցնում էր բավականին լուրջ նախագծային քննարկում գիտահետազոտական համակարգում, իսկ այսօր գիտահետազոտական ինստիտուտները պարապուրդի են մատնված։ Ես այսօր տեսնում եմ բոլոր կուսակցությունների մոտ ծրագրեր, որոնք եղել են խորհրդային շրջանում և ժամացույցի պես աշխատել են»,-հավելեց նա։
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն էլ առաջարկում է դպրոցների տնօրենների համար սահմանել վարչական տույժեր՝ մանսավորապես կրոնական և քաղաքական քարոզչություն իրականացնելու դեպքում։
«Պետության հիմքերից մեկն Հայ առաքելական եղեղեցին է, չափի մեջ քարոզը նորմալ է, բայց ոչ դասաժամերի հաշվին»,-ասաց ՕՐՕ-ի պատգամավորության թեկնածու Սուսաննա Մուրադյանը։
Նա հավելեց նաև, որ պետք է բացառել ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի ու վարչապետի՝ բուհերի կառավարման նախագահ լինելու փաստը։
Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչ, Երևանի քոլեջներից մեկի տնօրեն Պարույր Սանթրոսյանը չհամաձայնվելով կառավարման խորհուրդներում ապակուսակցականացման հետ կապված հարցերի հետ, դիմելով ՕՐՕ-ի ներկայացուցչին, ասաց. «Որպես քոլեջի գործող տնօրեն՝ ինձ համար անհասկանալի է կուսակցականացման հետ կապված հարցը։ Ընդդիմադիր ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Սուսաննա Մուրադյանը մեր քոլեջի կառավարման խորհրդի անդամ է։ Իմ ասածը հետևյալն է, որ մարդուց է կապված ամեն ինչ, չի կարելի մարդու կուսակցական պատկանելիությունից ելնելով որոշել նրա աշխատել-չաշխատելու իրավունքը, պետք է նայել մարդուն, հետո նոր նրա կուսակցական պատկանելիությանը»։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը գյուղատնտեսության ոլորտում
- Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը մշակույթի ոլորտում
- Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը գյուղատնտեսության ոլորտում
- Խոստումներում բազմաթիվ են անիրատեսական դրույթները. տնտեսագետը՝ նախընտրական ծրագրերի մասին
- Նախընտրական ծրագրերում գիտության վերաբերյալ կետերը լոզունգային են, վերցված են այլ տեքստերից. Արեգ Միքայելյան
- Առողջապահության ոլորտի խնդիրները քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում
- Նախընտրական ծրագրերում կրթության հանդեպ առանձնապես շատ մեծ ուշադրության չհանդիպեցի. կրթության փորձագետ
- Ուսումնասիրում ենք կուսակցությունների նախընտրական ծրագրերի բնապահպանական դրույթները. Կարինե Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները