ԱԺ չեն անցնի «ՕՐՕ-ն և Կոմունիստական կուսակցությունը. քաղտեխնոլոգ
Ընդամենը մեկ շաբաթ առաջ քաղաքական ուժերը հայտարարում էին, որ քարոզարշավը խաղաղ է ընթանում: Սակայն այժմ, երբ ընտրությունները մոտենում են, մթնոլորտը վերադառնում է նախընտրական տրամադրությունների մեջ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
«Բոլորը սկսել են հասկանալ՝ ինչի կարող են հավակնել, և բնական է, որ նյարդային դրսևորումներ են ունենում: Քարոզարշավը սկսվեց ոմանց աչքերը հանելու սպառնալիքով, երեկ մեկ այլ տիկին հայտարարեց ականջներ կտրելու մասին: Ակնհայտ է, որ ընտրություններին ընդառաջ՝ վիճակն ավելի սրված և նյարդային է դառնալու: Մարտի 27-28-ից հետո հավանաբար սկսվելու է կաշառք բաժանելու գործընթացը»,- նշեց բանախոսը:
Վիգեն Հակոբյանը շեշտեց՝ անակնկալ չէ, որ բարձր հորիզոնականների համար պայքարող հիմնական ուժերը ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքն են: Նրա համոզմամբ, դեռևս միայն այս երկուսն են հստակ հաղթանակի ձգտում: Անցողիկ շեմին ձգտում է ևս 4-5 ուժ:
Անդրադառնալով քարոզարշավի ընթացքում առանձին ուժերի բանեցրած տեխնոլոգիաներին՝ քաղտեխնոլոգը նկատեց «Ելք»-ը սկզբից սպիտակ քարոզչություն էր անում, սակայն ինչ-որ փուլից ավելի կոշտացրեց իր դիրքորոշումը հասկանալով, որ պետք է ավելի ռադիկալ կարգախոսներ ընտրել:
«Ազատ դեմոկրատնրի քարոզարշավի հիմնական շեշտադրումը արևմտամետ զանգվածին իրենց կողմ գրավելն է: Կուսակցությունը շատ խելացի վարվեց՝ իր ցուցակում ընդգրկելով հարուստ կենսափորձով և հանրությանը հայտնի դեմքերով: Ինչ վերաբերում է ՀՎԿ-ին և անձամբ Արթուր Բաղդասարյանին, ապա նա առանձնակի տաղանդ ունի օդից բռնելու հենց այն, ինչի կարիքն այդ պահին ունի հասարակությունը: Սակայն հանրությունը կարծես հոգնել է նրա նախընտրական նույնաբովանդակ կամպանիայից»,- նշեց քաղտեխնոլոգը:
Անդրադառնալով Կոնգրես-ՀԺԿ դաշինքին՝ Վիգեն Հակոբյանը նկատեց՝ սա այն բացառիկ ուժերից է, որ հանդես է գալիս հստակ գաղափարախոսությամբ: Սակայն ակնհայտ է, որ ՀԱԿ-ը նախկիում ավելի կրեատիվ էր: Իսկ ահա Կոմունիստական կուսակցությունը հույսը դնում է խորհրդային տարիների կարոտախտով ապրող մարդկանց քվեների վրա, որոնք այս ուժի համար 1-2 տոկոս ձայներ կապահովեն:
«Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա նրա կայուն ընտրազանգվածը տարիների ընթացքում մաշվում է: Կայուն ընտարազանգվածն այս պահին պտտվում է հազիվ անցողիկ շեմի շուրջ, այն դեպքում, երբ 90-ականներին կուսակցությունը բավական բարձր վարկանիշ ուներ»,- նշեց բանախոսը:
Վերջում Վիգեն Հակոբյանն անդրադարձավ նաև «ՕՐՕ»-ին, որը, նրա խոսքով, ի սկզբանե խնդիր ուներ ասոցացվել ընդդիմության հետ:
«Նրանք սկզբում մրցակիցներ ունեին թե իշխանության, թե ընդդիմադիր ուժերի շրջանում: Զգացվում էր, որ դաշինքի շուրջ իրավիճակը լարվում է՝ ծեծ, կրակոցներ և այլն: Այժմ Սամվել Բաբայանի ձերբակալությունը կարող է որոշակի վարկանիշ բերել դաշինքին, սակայն ընտրազանգված ավելացնել դժվար կարողանա»,- ամփոփեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ իր կանխատեսումներով՝ ԱԺ չեն անցնի նույն «ՕՐՕ-ն և Կոմունիստական կուսակցությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին