
Հայաստանը թիրախային շուկաներում տեսահոլովակներով կներկայացնի իր զբոսաշրջային գրավչությունը
ՀՀ կառավարությունը հստակ քայլեր կիրականացնի Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր գովազդող հոլովակների արտադրության և դրանց միջազգային ԶԼՄ-ներով տարածելու ուղղությամբ:
Գործադիրի նիստում վարչապետ Կարեն կարապետյանը նշեց՝ չնայած այն փաստին, որ վերջին հինգ տարիներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է շուրջ 9 տոկոս, Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր թերագնահատված է:
«Համոզված եմ, որ Հայաստանն ունի անհամեմատ ավելի բարձր պոտենցիալ զբոսաշրջության ոլորտում։ Ի լրումն ծրագրավորված և արդեն իսկ իրականացվող գործնական քայլերի, խիստ անհրաժեշտ եմ համարում Հայաստանի, որպես աշխարհում ամենագրավիչ զբոսաշրջային երկրներից մեկի, նկարագրի ձևավորումը»,- նշեց վարչապետը:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին շարունակել ակտիվ և թիրախային մարքեթինգային և խթանման միջոցառումների իրականացումը: