Ապրիլյանում վիրավորված Դանիելի ու Հայկի բուժումը շարունակվում է
Ապրիլի 3-ին Մատաղիսում` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների ժամանակ գլխի բեկորային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Դանիել Դավթյանը երկրորդ անգամ կվիրահատվի։
Նա գլխուղեղային բեկորային վնասվածք էր ստացել, պայթած արկի բեկորը ներթափանցել է նրա ուղեղ։
«Անմիջապես ուղեղիս հատվածում չորս բեկոր կար, երկուսը դեռ մնացել են։ Այս տարի պետք է դրանք հանեն և պլաստիկ վիրահատություն կատարեն։ Վիրահատության օրը դեռ նշանակված չէ, սպասում եմ»,-Panorama.am-ի հետ զրույցում պատմեց Դանիելը, ով վիրավորվելու ժամանակ արդեն 23-ամսվա զինծառայող է եղել։
Գրեթե մեկ տարի է անցել ապրիլյան դեպքերից, զինվորը ամեն պահի հիշում է իր ծառայակից ընկերներին, հուզվում, սրտնեղում. «Երբ տեսնում ես կողքիդ քո զինվոր ընկերն արյունաքամ է լինում ու չես կարողանում նրան ինչ-որ բանով օգնել, մահվան հավասար է, ես զգացել եմ դա»։
Քառօրյա պատերազմի ժամանակ ապրիլի 4-ին Թալիշում ողնաշարի վնասվածք ստացած պայմանագրային զինծառայող Հայկ Սեխիլյանի բուժումը ևս շարունակվում է։
Մեզ հետ զրույցում Հայկն ասաց՝ դեռ պարզ չի, բուժումը կշարունակվի արտասահմանում, թե այստեղ. «Հիմա քննարկման փուլում է, հանձնաժողովը պետք է որոշի կուղարկեն դուրս, թե՝ ոչ»։
Պայմանագրային զինծառայողը պատմեց, որ տասը տարի է համակարգում է, հիմա էլ է աշխատում ՝ ուղղակի ամբուլատոր պայմաններում։
«Մեր նպատակն է, որ բոլոր տղաները առողջանան, հնարավորինս կարողանան վերադառնալ իրենց առաջվա կյանքին, հետո կարողանան աշխատել ու ամենակարևորը՝ դրա հնարավորությունն ունենան»,-ավելացրեց Հայկը։
Հարակից հրապարակումներ`
- «Վստահ եմ ուժերիս վրա». Ապրիլյան քառoրյայում վիրավորված Արման Ավետիսյան
- Թալիշում վիրավորված Հովհաննեսը չորրորդ անգամ կվիրահատվի
- Անպայման պետք է քայլեմ. գլխի բեկորային վիրավորում ստացած զինվորը չի հուսահատվում
- Ոտքը պատերազմում թողած զինվորի ծրագրերն ու մտահոգությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան